ՀԱԱՀ գիտական պարբերականը կարող է միջազգայնորեն ավելի տեսանելի դառնալ․ օգտակար բանախոսություն

Հրատարակչական բաժնի վարիչ Գրետա Մնացականյանի հերթական նախաձեռնությունը՝ «Գիտական պարբերական․ հանրահռչակում եւ վարկանիշավորում» թեմայով բանախոսությունն էր։ Դեկտեմբերի 12-ին «Կապույտ» ընթերցասրահում բաժնի աշխատակիցներին միացել էին երիտասարդ գիտնականներ, իսկ բանախոսը ԵՊՀ հրատարակչության պատասխանատու խմբագիր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Աշոտ Գեւորգյանն էր, որ եղել է ՀԱԱՀ Հայոց պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ։

Նախ կարեւոր էր լսել պարոն Գեւորգյանի՝ որպես ոլորտի փորձագետի, կարծիքը Ագրարային համալսարանի «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի վերաբերյալ․ ըստ այդմ, մեր Հրատարակչական բաժինը բավականին լավ աշխատանք է կատարել միջազգային հարթակներում պարբերականի տեսանելիության բարձրացման ուղղությամբ, մասնավորապես՝ այն տեսանելի է Google Scholar-ում, որը դիտարկում է ամբողջ համացանցը։ Փորձագետը կարևորեց ամսագրի՝ CrossRef մատենագիտական և ՄԱԿ-ի ՊԳԿ AGRIS միջազգային տեղեկատվական համակարգերում, ինչպես նաև e.lIBRARY.RU գիտական էլեկտրոնային գրադարանում «դիրքավորման» փաստը:

Պարոն Գևորգյանի դիտարկմամբ՝ առհասարակ, հայաստանյան գիտական ամսագրերի դասիչավորումը միջազգային շտեմարաններում քանակական առումով զիջում է տարածաշրջանի մյուս երկրներին, այն դեպքում, որ մինչեւ 1990-ականները մենք դրական առումով անհամեմատելի էինք։

Խոսելով միջազգային տարբեր գիտական հարթակներում ներկայության կարեւորության մասին, Աշոտ Գեւորգյանը նշեց, որ տարբեր երկրների հարթակներում լինելը հնարավորություն է տալիս տեսանելի լինել առնվազն այդ երկրներում։ Նշեց տարբեր հարթակների առավելությունների եւ սահմանափակումների մասին։ Անշուշտ, պետք է առաջնորդվել «որքան շատ հարթակ՝ այնքան լավ» սկզբունքով, սակայն զգոնություն ցուցաբերել եւ չգրանցվել «գիշատիչ» հարթակներում։

Բանախոսն այնուհետեւ խոսեց գիտական գործունեության արդյունավետության երեք հիմնական չափումների՝ ազդեցության գործոնի (Impact Factor), հղումների հաշվի (Cite Score) եւ Հիրշի գործակցի (h-index) մասին։

Պարոն Գեւորգյանը գիտական աշխատանքներում հղումների դերը բնութագրելիս օգտագործեց «հղումներն են որոշում ամեն ինչ» ձեւակերպումը։ ՀԱԱՀ գիտական պարբերականի հետագա առաջխաղացման եւ տեսանելիության բարձրացման առումով բանախոսը մի քանի կարեւոր գործիքներ ներկայացրեց, որոնք միտված են հեղինակների աշխատանքի հեշտացմանը․ դրանցից են՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան հոդվածների հրապարակման ուղեցույցները, մատենագրության կառավարման zotero, endnotes համակարգերը եւ այլն։ Ի դեպ, պատասխանելով հնչած հարցերից մեկին՝ փորձագետը նշեց, որ հայերենը խոչընդոտ չէ հղումներ տալու համար, կարեւորը հոդվածների որակն է եւ, անշուշտ՝ մեր գիտական գաղափարների եւ մեր ամսագրի տարածումը, այդ թվում եւ մեծապես՝ անմիջականորեն գիտաժողովների եւ գործընկերների ցանցի ընդլայնման միջոցով։

Շնորհակալություն հայտնելով Աշոտ Գեւորգյանին՝ արժեքավոր տեղեկությունների եւ խորհուրդների համար, Հրատարակչական բաժնի վարիչ Գրետա Մնացականյանը ասաց, որ ՀԱԱՀ-ի գիտական պարբերականը քայլ առ քայլ մոտենում է բարձր հղելիության՝ առաջադրված նպատակին։ Այս առումով, գլխավոր խմբագրակազմը առաջիկայում դիմելու է DOAJ դասիչին, որը խելամիտ միջանկյալ քայլ կլինի Scopus-ի մաս կազմելու նպատակի իրականացման ճանապարհին։