Կրկնակի հոբելյան. Ֆակուլտետներում ընթանում են երիտասարդների գիտաժողովները

Այս տարի գիտաժողովը կրկնակի հոբելյանական է եւ նվիրված է Ագրարայինի 95-ամյակին եւ քառորդ դար է, ինչ ուսանողները գիտահետազոտական ասպարեզում իրենց առաջին քայլերն անում են ՈՒԳԸ կամարների ներքո եւ ավանդաբար արդյունքներն ափոփում են գիտաժողովում:

Երեկ՝ հունիսի 10-ին, մեկնարկեց այդ շատ կարեւոր աշխատանքը: Ֆակուլտետային փուլից հետո լավագույնները հանդես կգան լիագումար նիստում: Այստեղից արդեն ընտրված աշխատանքները կտպագրվեն: Ընդ սմին, ավագ սերունդը հետաքրքրությամբ, ուշադիր լսում, քննարկում է երիտասարդների աշխատանքները, քաջալերում է եւ մեծ մասամբ ամփոփում. «Ապրե՛ս, հետաքրքիր, լավ գործ ես արել»:

Սա հրաշալի, օրինաչափ ճանապարհ է, որով անցնում են բոլոր նրանք, որոնք կամենում են նվիրվել-լծվել ընտրած ոլորտի առաջընթացին ու զարգացմանը: ՈՒԳԸ համակարգը գիտական միտքը կոփող, առողջ սերնդափոխությունն ապահովող զորեղ միջոց է եւ արդյունավետ դարբնոց: