Միջազգային կապերի դեպարտամենտի հրավերով, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպում ունեցավ Կրակովի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, որը օրերս ԵՊՀ-ում անցկացված ֆունկցիոնալ սննդամթերքի եւ կենսաակտիվ միացությունների վերաբերյալ գիտաժողովի բանախոսներից էր։
Պարոն Խաչատրյանն ուսանողներին հաղորդակից դարձրեց պարենի եւ գյուղատնտեսության, ինչպես նաեւ այլ ոլորտներում նանոտեխնոլոգիաների օգտագործման վերջին զարգացումներին եւ սեփական փորձին։ Կանգ առավ այնպիսի հետաքրքիր թեմաների վրա, ինչպիսիք են ֆունկցիոնալ սննդամթերքներում որպես հավելումներ օգտագործվող՝ կենսաակտիվ բաղադրամասեր պարունակող նանոպարկուճները, դրանց արտադրության մեթոդները, նանոպարկուճավորման տեխնոլոգիաների միջոցով պտղամսից եւ մրգահյութերից ստացված կենսաակտիվ միացությունների ներմուծումը մակարոնեղենի հարստացման նպատակով եւ այլն։
Նանոտեխնոլոգիաների կիրառության առեւտրայնացման գործում Կարեն Խաչատրյանի գիտական խմբի ամենաակնառու հաջողությունը եղել է դեմքի քսուքների բաղադրության մեջ գնդաձեւ նանոկառուցվածքների կիրառությունը, որը բացառիկ առաջընթաց է գրանցել կանանց համար այնքան բաղձալի՝ դեմքի մաշկի երիտասարդացման բնագավառում։
Պարոն Խաչատրյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Կրակովի գյուղատնտեսական համալսարանի միջեւ ուսումնագիտական, փոխանակման եւ համատեղ այլ ծրագրերի իրականացմանը։
Մեկ բանախոսությամբ, ինչպես նշեց Կարեն Խաչատրյանը, հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել առհասարակ զարգացող ու մասնավորապես գյուղատնտեսության ու վերամշակման ոլորտներում գնալով ավելի կարեւոր դեր ստանձնող ոլորտի մասին։ «Իմ նպատակը ձեր մեջ հետաքրքրություն առաջացնելն էր», – ասաց պրոֆեսոր Խաչատրյանը՝ դիմելով ուսանողներին։
«Եվ դա Ձեզ հաջողվեց», – նկատեց Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը՝ շնորհակալություն հայտնելով հետաքրքիր, բովանդակալից բանախոսության համար եւ հույս հայտնելով, որ մեր հայրենակիցն իր դերակատարությունը կունենա երկու համալսարանների միջեւ համագործակցության ծավալման գործում։
Կարեն Խաչատրյանի ուղերձներից մեկն այն էր, որ այսօրվա գիտության մեջ «միայնակ»՝ առանց տարբեր գիտակարգերի տիրապետող թիմի, առանց միջգիտակարգային արդյունավետ կապերի, հնարավոր չէ նոր բան ստեղծել, ուստիեւ՝ որեւէ էական տնտեսական առաջընթաց ապահովել։