«Կակոսյան» կրթաթոշակային հիմնադրամը ստեղծվեց անցյալ տարի նոյեմբերին եւ միտված է երկրի հինգ՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերից ուսանողներին խրախուսելուն: Բացի բարձր առաջադիմությունից, ընտրությունը կատարելիս նախապատվությունը տրվում է հասարակական ակտիվություն, նախաձեռնողականություն ցուցաբերող, կամավորական աշխատանքների մեջ ներգրավված-թրծված, ստեղծագործ միտք ու երազանքը կյանքի կոչելու կամք ունեցող երիտասարդներին: Մարդիկ, որոնք իրենց մեծ ու փոքր հայրենիքները, հարազատ եզերքը, համայնքը էլ ավելի շեն ու կայուն դարձնելու վճռականություն ունեն:
Հիմնադրամի շահառուները Ագրարայինից զատ Հայաստանի ամերիկյան եւ Երեւանի պետական համալսարանների ուսանողներն են միայն: Տարեկան 100.000 դոլար ընդհանուր գումարը հնարավորինս հավասարաչափ կբաշխվի երիտասարդների մեկ կիսամյակի ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով:
Մինչ հավաստագրերի շնորհումը ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը երիտասարդների (ինը հոգի՝ բոլոր ֆակուլտետներից) հետ զրույցի ընթացքում ներկայացրին մեր բուհում կատարված արմատական փոփոխությունները, պատմեցին նորաստեղծ հիմնադրամի նպատակների եւ առաջնահերթությունների մասին: «Կակոսյան» կրթաթոշակառու լինելը պարտավորեցնող է, գնահատական, որ պետք է միշտ կարողանան արդարացնել եւ բարձր պահել, ճիշտ մեր բուհի պատվի պես:
Ինչպես նկատեց տիկին Մնացականյանը, սա մեծ ճանապարհի սկիզբն է եւ կարեւոր է, որ հաջորդ փուլում մենք ներկայանանք նոր, հետաքրքիր մտահղացումներով, ծրագրերով, արդեն կատարված աշխատանքով: