Բալահովիտի ՈՒՓՏ-ում Կաթնամթերքի վարպետաց դպրոցի պաշտոնական բացումից ընդամենը օրեր անց կազմակերպվեց առաջին դասընթացը՝ Արցախից ժամանած 14 մասնակիցներով։ Հիմնականում Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ներկայացնող ունկնդիրները գոհ են, ոգեւորված եւ պատրաստակամ՝ սովորածը կիրառելու իրենց հետագա կարիերայում։ Նրանք խոստովանեցին, որ կարոտելու են աշխատանքային երկար, հոգնեցուցիչ, բայց հագեցած ու օգտակար օրերին։
Վարպետաց դպրոցում անցկացրած մեկ շաբաթը շատ բան տվեց արցախցի երիտասարդներին՝ ոչ միայն պանիր, մածուն, թթվասեր, յոգուրտ եւ թան պատրաստելու, այլեւ կենսականորեն կարեւոր այդ մթերքների շուկայի մասին ամենաարդիական գիտելիքներ ու հմտություններ։ Ավելին, օգտվելով պատեհ առիթից, տղաներն ու աղջիկներն ազատ ժամանակի մի մասն օգտագործել են տրակտոր վարելու հմտություններ սովորելու համար։
Դասընթացի հաջող ընթացքն ու արդյունավետությունը Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի, Պարենամթերքի տեխնոլոգիաների դեկանի պաշտոնակատար Սմբատ Դավեյանի եւ Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի ուշադրության կենտրոնում է եղել, իսկ ֆակուլտետի դասախոսների խումբը՝ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Մարինա Կարախանյանի գլխավորությամբ, հատուկ ջանադրությամբ եւ նվիրվածությամբ են աշխատել։
Պատահական չէ մասնակիցների յուրահատուկ հարգանքը դասավանդող դասախոսների նկատմամբ եւ անձնական բարեկամությունը, որ հաստատվել է նրանց միջեւ այս օրերի ընթացքում։ «Ագրարայինի դասախոսների մասնագիտական վարպետությանն ու նվիրվածությանը մենք ծանոթ էինք, նախկինում էլ նրանք եկել են Շուշիի տեխնոլոգիական, մենք ենք եկել ձեր համալսարան՝ վերապատրաստման։ Սակայն այստեղ՝ Վարպետաց դպրոցի գեղեցիկ ու հարմարավետ լսարանում եւ վերազինված արտադրամասում նոր իմաստ է ձեռք բերում մեր ուսումնառությունը, մանավանդ թեմաներն ավելի քան արդիական են», – ասում է Լիլիթը։
Ունկնդիրները հատուկ հարգանքով են խոսում նաեւ Բալահովիտի գլխավոր տեխնոլոգ Արտեմ Երանոսյանի մասնագիտական վարպետության, փորձը անմնացորդ երիտասարդներին փոխանցելու պատրաստակամության եւ նրա՝ որպես իսկական վարպետի ու ավագ ընկերոջ, մարդկային նկարագրի մասին։
Նոյեմբերի 27-ին՝ դասընթացի վերջին օրը, երիտասարդները դասախոսների հետ համտեսեցին իրենց պատրաստած թթու կաթնամթերքները։ Ամեն ինչ համեղ էր, ակնահաճո, հետհամի եւ բավարարվածության հաճելի զգացողություն պարգեւող։ Եվ անշուշտ՝ շատ օգտակար։
Տիկին Կարախանյանի եւ պարոն Ալիյանի ձեռքից ավարտական հավաստագրերը ստանալուց հետո արցախցի հրաշալի խմբի ղեկավար Զորիկ Մուսայելյանն ասաց․ «Ճիշտ այսպիսի դասընթաց եմ անցել Նիդերլանդներում․ հավաստիացնում եմ, որ նույն մակարդակի գիտելիքներ ու հմտություններ ենք ստանում այստեղ։ Խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում Ագրարային համալսարանի ղեկավարությանը՝ այսպիսի հրաշալի դպրոց ստեղծելու, իսկ դասախոսներին ու պարոն Երանոսյանին՝ արդյունավետ, նպատակային դասընթաց ապահովելու համար։ Մեզանից ոչ բոլորն են կաթնամթերքի վարպետներ դառնալու, սակայն մեր սովորած հմտությունները վստահաբար անհրաժեշտ են լինելու Արցախում»։