-Աշխարհի ոչ մի բուհում չեն հասկանա, թե ինչ է նշանակում դասախոսի ծանրաբեռնվածության մեջ ներառված-հաշվարկված խորհրդատվությունը: Արտասահմանում ընդունված է, որ դասախոսը լսարանից դուրս էլ պետք է աշխատի ուսանողի հետ, քննարկի հարցեր, օգնի գտնել դրանց լուծման ուղիները, բայց այդ ամենը ոչ մի կապ չունի վճարման հետ,- ռեկտորատի նիստում շեշտում էին արեւմտյան փորձը լավ ուսումնասիրած մասնագետները:
Իսկ մեր պարագայում խորհրդատվությունը մտնում է հաստիքով նախատեսված ծանրաբեռնվածության մեջ: Շատերն այն իրականացնում են բարեխղճորեն, մյուսները՝ ի միջի այլոց, գլուխ պահելով: Եւ քանի որ այն մեծ մասամբ դարձել էր անարդյունավետ, ֆինանսական սուղ միջոցները զուր վատնող-փոշիացնող մի հանգամանք, առաջարկներ կային խորհրդատվությունը վերացնել ծանրաբեռնվածության հաշվարկներից:
Ասել է, թե մտածում էինք մեկ հարվածով… ազատվել գլխացավից: Մինչդեռ, պետք է ընդամենը լծակներ գտնել, որ թերացողին շտկել լինի: Կարգ ու կանոնին ծայրահեղորեն չենթարկվողներից էլ պարզապես կարելի է միջավայրն ազատել:
Ինչեւէ, ռեկտորատի նիստում որոշվեց, որ խորհրդատվությունը կմնա: Մնում է՝… աշխատենք: