Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնում գիտաարտադրական փորձուսուցման հաշվետվություններն էին ներկայացնում Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա մասնագիտության չորրորդկուրսեցիները, որոնց հիմնական մասը ուսումնառության այդ կարեւոր փուլն անցկացրել էր «Սպայկա» ՍՊ ընկերությունում (մասնագետների գնահատմամբ՝ երկրում եւ տարածաշրջանում ՊԳ ոլորտում արտադրություն իրականացնողների առաջատարն է), ոմանք՝ մեր համալսարանական ջերմատանը:
Ամբիոնի վարիչը՝ գ.գ.թ., դոցենտ Գագիկ Թովմասյանը ուսանողներին մեկ անգամ եւս հիշեցրեց, որ փորձուսուցման գնահատականի 50%-ը ձեւավորվում է ընկերության տված թերթիկով՝ 100 բալ սանդղակով, մյուս կեսը՝ տեղում պաշտպանության արդյունքներով: Պարոն Թովմասյանը նկատեց, որ «Սպայկա» ընկերությունում բարձր են գնահատել մեր ուսանողների ուշիմությունն ու եռանդը եւ շրջանավարտներից մի քանիսն աշխատանքի առաջարկ կստանան մոտ ապագայում: Ընդսմին նշենք, որ Ագրարայինից շատերն են աշխատում այնտեղ եւ օրինաչափ է:
Ուսանողների խանդավառությունից եւ աչքերի փայլից ակնհայտ էր, որ փորձուսուցումն անչափ արդյունավետ էր եղել՝ լսել-տեսել-սովորել էին իրենց մասնագիտության նրբերանգներն ու անգամ՝ գաղտնիքները. արտադրական թափոնների դուրսբերում, ախտահանում, հատուկ արկղերի պատրաստում, օդափոխություն, զովացում եւ այլն:
Համատարած խանդավառությունից մի քիչ ավելին էր Գոռ Ավանեսյանի պաշտպանությունը: Նա գլխովին սիրահարվել ու ոգեշնչվել էր սննդի արտադրության հիդրոպոնիկ եղանակի հնարավորություններից: Խանդավառ էր, փիլիսոփայորեն ստեղծարար: Եւ առաջարկությունների բաժնում էլ շեշտեց. «Բույսերի աճի համար ցանկալի կլիներ, որ հնչեր երաժշտություն՝ պարտադիր դասական»: Փաստորեն ճաշակն էլ տեղն է:
Ընդհանրապես, առաջարկությունները կամփոփվեն ու կներկայացվեն Սպայկայի՝ մեր ուսանողների հետ սիրով աշխատած գործընկերներին: Չէ որ չի բացառվում՝ երիտասարդների թարմ հայացքն ու սուր միտքը նոր հետաքրքիր գաղափարների վերածվեն: