«Լավագույն ուսանող» մրցույթում Երվանդ Արսենյանն արժանացել է 3-րդ մրցանակի

Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Երվանդ Արսենյանն արժանացել է 3-րդ մրցանակի՝ ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման ամենամյա «Լավագույն ուսանող» մրցույթի «Ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետություն/գյուղատնտեսություն) անվանակարգում։ Միջին որակական գնահատականից բացի, մրցույթում հաշվի են առնվում նաեւ ուսանողի գիտահետազոտական եւ հասարակական ակտիվությունը։

Երվանդը մասնակցել է մի շարք մասնագիտական սեմինարների, համաժողովների, ներբուհական եւ միջբուհական գիտական շաբաթների, հրատարակել հոդված վայրի կենդանիների ստրեսների վերաբերյալ։ Երկու անգամ Էրազմուս + ծրագրի շրջանակում փոխանակման ծրագրերով եղել է արտերկրի համալսարաններում։ Ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահն է։ Աշխատանքային կիսամյակի 4 ամիսներն անցկացրել է Խոսրովի արգելոցի հարակից Ուրցաձոր գյուղում։ Աշխատել է կենդանիների խնամքի կենտրոնում, աշխատանքային գործունեության այժմյան հանգրվանը անասնաբուժական կլինիկան է։ Առանձնահատուկ վերաբերմունք (եւ նպատակներ) ունի վայրի կենդանիների բուժման, ինչպես նաեւ ձիաբուժության նկատմամբ։

Քառասունչորսօրյա պատերազմի մասնակից է, չնայած երիտասարդ տարիքին՝ կայացած մարդ, քաղաքացի։

Շնորհավորում ենք Երվանդին եւ մաղթում մասնագիտական բարձունքներ։

Մրցույթը նպատակ ունի խրախուսելու բուհերի՝ բարձր առաջադիմություն եւ համապատասխան մասնագիտական ոլորտում ակտիվություն ցուցաբերած ուսանողներին, նպաստելու ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանելու նրանց մասնակցությունը եւ ձեռքբերումները մասնագիտական ոլորտներում, ինչպես նաեւ՝ մրցակցությունը բուհերի ուսանողների միջև: