Ի գիտություն հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններին եւ գիտական ղեկավարներին

Մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարվա, պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի առկա եւ հեռակա ընդունելության տեղերի ձեւավորման գործընթացը: Տեղերի ձեւավորման համար հայտերը ներկայացվում են Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով՝ մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի 20-ը՝ ժամը 18։00-ն։ Հայտերի ներկայացման ընթացակարգը.

  1. Գիտական թեմա ղեկավարող անձը.
  • ասպիրանտուրայի հետազոտության ընդհանուր թեման ներկայացնում է հետբուհական կրթական ծրագիր իրականացնող հաստատության գիտական խորհրդին կամ համապատասխան լիազորություններ ունեցող այլ ստորաբաժանմանը,
  • ստանում է եզրակացությունը, որտեղ հիմնավորվում է թեմայի արդիականությունը եւ տվյալ հաստատությունում այն իրականացնելու նպատակահարմարությունը,
  • hesc.am համակարգում ներմուծում է եզրակացությունը եւ լրացնում հետազոտության ընդհանուր թեմայի վերաբերյալ կայքում պահանջվող տվյալները,
  • հայտն ուղարկելուց հետո համակարգում ձեւավորված եւ ծածկագիր ստացած հայտի տիտղոսաթերթը ներկայացնում է հաստատությանը, որտեղ իրականացվելու է հետազոտությունը։
  1. Հաստատությունը
  • hesc.am համակարգի միջոցով ստուգում է հաստատության ցանկում ներառված հայտերում առկա տեղեկատվությունը,
  • հաստատության հայտերը քննարկվում եւ հաստատվում են գիտխորհրդի կողմից,
  • Հաստատությունը մեկ ընդհանուր փաթեթով Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե է ներկայացնում ամփոփոված հայտերը՝ նշելով հաստատության առաջնահերթությունները,
  1. ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն պատրաստում է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ասպիրանտուրա ընդունելության տեղերը եւ դրանց բաշխումը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

Նախագիծը պատրաստելիս հաշվի է առնվելու.

  • Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգում հավանական գիտական ղեկավարի հայտի առկայությունը,
  • Հաստատության կողմից հավանական գիտական ղեկավարների ներկայացրած հայտերին տրված առաջնահերթությունը,
  • Գերատեսչությունների հայտերը,
  • Հաստատության ներկայացրած առկա եւ հեռակա տեղերի քանակը,
  • Հավանական գիտական ղեկավարի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) տպագրված հոդվածների առկայությունը, հոդվածների քանակը, Հիրշի ինդեքսը եւ այլն։
  • Հավանական գիտական ղեկավարի ընթացիկ ասպիրանտների եւ հայցորդների թիվը (ընթացիկ տարում ավարտող ասպիրանտների ու հայցորդների առկայությունը հաշվի չի առնվում):