Էրազմուս+ «Սովորիր-նորարարիր-վաճառիր-հաջողիր» (LISS24) նախագծի շրջանակում Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի սրահում հոկտեմբերի 23-ին կայացավ B2B վաճառքների ոլորտում ստարտափ գաղափարների 2-րդ ներհամալսարանական մրցույթը՝ «B2B վաճառք եւ նորարարություն» անվճար դասընթացների երկրորդ փուլից հետո ընտրված 9 ուսանողների միջեւ։ LISS24 նախագծի ՀԱԱՀ համադրող, Գյուղատնտեսության մեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ-ի բաժնի վարիչ Արթուր Ալթունյանի եւ նախագծի հետազոտող, Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դասախոս Հասմիկ Գեւորգյանի եւ մրցույթի ժյուրիի որոշմամբ, այս անգամ մրցույթի ձեւաչափը բառի բուն իմաստով վաճառքն էր՝ մասնակիցներին հանձնարարված էր գյուղատնտեսական անօդաչու սարքեր վաճառել իրական բիզնեսի ներկայացուցչին։ Այս առումով նրանք շատ բարձր են գնահատում Ալմոնդ ագրո ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի աջակցությունը․ նա ժամեր տրամադրեց մասնակից ուսանողների հետ հանդիպումների ու բանակցությունների համար։
Թե պարոն Ավետիսյանը եւ թե ժյուրին, որի կազմում էին նաեւ մրցույցին նախորդող դասընթացը վարողներ Կարեն Ներսիսյանն ու Վահրամ Մերանգուլյանը, տպավորված էին ուսանողները ցուցաբերեցին գիտելիքներով, հաղորդակցական հմտություններով, բանակցություն վարելու բավականին հասուն մոտեցումներով ու հմտություններով։
Մինչ հաղթողի եւ մրցանակակիրների անունները հայտնելը, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հրաչյա Գրիգորյանը, որ ժյուրիի անդամ էր, եւ ժյուրիի նախագահ, ՀԱՊՀ «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Ռուբեն Աղգաշյանը ջերմորեն ողջունեցին մասնակիցներին՝ չթաքցնելով նրանց պատրաստվածության բավականին բարձր մակարդակի հանդեպ իրենց գոհունակությունը․ նախապատրաստական դասընթացը, որ ընդամենը երեք շաբաթ է տեւել, ակնհայտորեն արդյունավետ է եղել։ Նրանք համակարծիք էին նաեւ մեկ այլ հարցում՝ այս մրցույթում հաղթում են բոլորը, այն իմաստով, որ բոլորն էլ առավելագույնն են քաղել ստեղծված աննախադեպ հնարավորությունից։ Իսկ բուն մրցույթը եւս մեկ անգամ ցույց տվեց «հին» ճշմարտությունը, որի մասին նշեց պարոն Աղգաշյանը՝ լավ մասնագետ լինելը բավարար չէ, անհրաժեշտ է դա ցույց տալ եւ ապացուցել շուկայում։
Մրցույթի հաղթող ճանաչվեց եւ «B2B վաճառքներ» 12-րդ միջազգային մրցույթին մասնակցելու առաջին արգելքը՝ ներհամալսարանական փուլը հաղթահարեց ՀԱԱՀ ուսանողուհի Նարե Կիվրանյանը։





























