Եւրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 շարժունության ծրագրի շրջանակում 2025 թ. մայիսի 5-9-ը իրականացրել եմ ակադեմիական այց Հունաստանի Մակեդոնիայի համալսարան։ Այցի ընթացքում հանդես եմ եկել դասախոսություններով, մասնակցել փորձի փոխանակման նախաձեռնությունների եւ ձեւավորել նոր գործակցային հարաբերություններ։ Տնտեսագիտության ամբիոնի ղեկավար պրոֆեսոր Թեոդորոս Պանագիոտիդիսի հրավերով իրականացրել եմ ընդհանուր 8 ժամ տեւողությամբ դասախոսություններ՝ համալսարանում դասավանդվող երկու ակադեմիական առարկաների շրջանակներում։ Մասնավորապես․ «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» առարկայի շրջանակում ներկայացրել եմ «Օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ կայուն զարգացման ճանապարհ․ համապարփակ աճի խթանում գլոբալ կապիտալի միջոցով» թեման մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողների համար։ Ներկաների հետ քննարկեցինք զարգացող երկրներում ՕՈՒՆ-ների ռազմավարական դերը կայուն զարգացման խթանման, հաստատութենական կարողությունների ամրապնդման գործում, ինչպես նաեւ կլիմայական եւ կանաչ տնտեսության համատեքստում ներդրումների կարեւորության հարցերը։ Վերհանվեց նաեւ Հայաստանի փորձը այս ոլորտում։ «Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականություն» առարկայի շրջանակում ներկայացրել եմ հետեւյալ թեմաները՝
- Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականությունը Եւրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում։
- Հայաստանի եւ Հունաստանի միջեւ գյուղատնտեսական եւ առեւտրային հարաբերությունները։
Թեմաները մեծ հետաքրքրություն առաջացրեցին ուսանողների շրջանում, որոնք ակտիվ մասնակցեցին քննարկումներին՝ հղելով հարցեր Հայաստանի տնտեսական համակարգի, ոլորտային քաղաքականությունների եւ տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ։ Այցի ընթացքում ունեցել եմ նաեւ այլ կարեւոր հանդիպումներ։ Մասնավորապես, հանդիպեցի Էրազմուսի համակարգող Մարիա Չանիոտիի հետ՝ Միջազգային ուսանողների աջակցման եւ շարժունության գրասենյակից։ Նրա հետ քննարկեցինք ապագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։ Այցելել եմ համալսարանի գլխավոր գրադարան, որի աշխատակիցները ներկայացրեցին գրադարանի ֆոնդերը, թվայնացման ընթացիկ աշխատանքները, ուսանողների ներգրավման եւ տեղեկատվական սպասարկման մեխանիզմները։ Այս այցը նպաստեց փորձի փոխանակմանը՝ կրթական ռեսուրսների կառավարման եւ տեղեկատվական կառավարման ոլորտներում։ Հանդիպումներ եմ ունեցել նաեւ Լեհաստանից եւ Մոնտենեգրոյից ժամանած գործընկերների հետ, խոսել համագործակցության հնարավորությունների մասին։ ՀԱԱՀ-ում իմ առաջին շարժունությունը դարձավ արդյունավետ հարթակ՝ գիտակրթական փորձի փոխանակման, միջմշակութային երկխոսության եւ հաստատութենական համագործակցության խորացման, ինչպես նաեւ գործընկերային կապերի ամրապնդման համար։ Շնորհակալություն եմ հայտնում Մակեդոնիայի համալսարանի տնտեսագիտության ամբիոնին, հյուրընկալող պրոֆեսորադասախոսական կազմին, ծրագրի համակարգողներին եւ վարչական աշխատակազմին՝ ջերմ ընդունելության, գործընկերային վերաբերմունքի եւ շարժունության ծրագրի բարձրակարգ կազմակերպման համար։ Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեւավորված մասնագիտական կապերը հիմք կդնեն ապագա կրթական, հետազոտական եւ շարժունության ծրագրերի զարգացման համար՝ միտված մեր համալսարանների միջեւ համագործակցության ընդլայնմանը։ Հասմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար