Թումո լաբորատորիաների եւ ՀԱԱՀ ուսանողների խելացի քաղաքը սեղանի վրա

Այս տարվա փետրվար ամսին, անձամբ փորձարկելով Թումո լաբորատորիաների եւ ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների ստեղծած ջրման խելացի համակարգը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանը երիտասարդներին քաջալերեց, հորդորեց կանգ չառնել եւ գործակցաբար իրականացնել նոր, համարձակ գաղափարներ:

Եվ ահա, դեկտեմբերի 23-ին կայացավ պրպտող, տեխնոլոգիական լուծումների «հետեւից ընկած» տղաների հերթական մեծ գաղափարի փոքրամասշտաբ մարմնավորման՝ «Ավտոմատացված քաղաքի» շնորհանդեսը ֆակուլտետի դասախոսների եւ կուրսընկերների համար:

Ուսանողների մի քանի ամսվա աշխատանքի արգասիք «քաղաքում», ըստ էության, ամեն ինչ ավտոմատացված է՝ աղբամանները, ճանապարհային լույսերը, ուղեփակոցները, հրդեհի եւ գազի հայտնաբերման ու դռների բացման համակարգերը, շատրվանը… Նախագծում ուսանողներն օգտագործել են IoT սարքեր ու տարբեր տվիչներ: Բացի այդ, Թումո լաբերի իրենց գործընկերներից սովորել են C++ եւ Arduino ծրագրակազմերը:

«Թումո լաբորատորիաների հետ մեր ուսանողների համագործակցությունը, ինչպես եւ ակնկալում էինք տարվա սկզբին, երբ հուշագիր ստորագրվեց նրանց հետ, արդյունարար է: Անշուշտ գյուղատնտեսության եւ հարակից ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ շատ ուսանողներ հրապուրվեցին, սակայն այժմ մնացել են այն հրաշալի 11-ը, որոնք «ոտքով ու գլխով» այլեւս նոր տեխնոլոգիաներում են: Ես շնորհակալ եմ Թումո լաբորատորիաների գործընկերներին՝ մեր երիտասարդների ստեղծագործական ավյունը պրոֆեսիոնալ հաջողության վերածելու հնարավորություն տալու համար»,- ասում է Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը, որ իր ուսանողներից պակաս ոգեւորված ու «տարված» չէ նրանց հաջողություններով: