Էրազմուսյան վերապատրաստում ՀԱԱՀ-ում

Անցյալ շաբաթ, հունիսի 19-23-ին ՀԱԱՀ-ն հյուրընկալեց իր հերթական էրազմուսյան հյուրին` պրոֆ․ Կալիտրակա Ստամատինային, ով ժամանել էր Աթենքի գյուղատնտեսական համալսարանից։

Նրան դիմավորեցին Միջազգային կապերի դեպարտամենտում, որից հետո ներկայացվեց համալսարանի պատմությունն ու կրթագիտական ուղղությունները։ Համալսարանում շրջայցի ընթացքում Ստամատինան ծանոթացավ համալսարանի մի քանի նորարարական կենտրոններին՝ հացի և շոկոլադի լաբորատորիա, թորման լաբորատորիա, սննդամթերքի անվտանգության լաբորատորիա, ինչպես նաև այցելեցին գրադարան, ջերմատուն և այլ ենթակառուցվածքներ։

Ստամատինա Կալիտրակայի մասնագիտությունը սննդագիտություն (գինեգործություն) էր, հետևաբար, ՄԿԴ-ն կազմակերպել էր նաև հանդիպում տվյալ ոլորտի դասախոսների հետ, որոնց հետ քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորպես ուսումնական ծրագրի կառուցվածքի բովանդակությունը բակալավրիատի և մագիստրատուրայի համար, կատարվող կրթական ու հետազոտական ծրագրերը։ Հյուրը պատմեց հունական գինեգործական շրջանների և խաղողի տեղական սորտերի ու նրանց հատկությունների մասին, իսկ մեր դասախոսները ներկայացրեցին hայկական խաղողագործության և գինեգործության առանձնահատկությունները։

ՄԿԴ-ն չդավաճանելով արդեն իսկ ձևավորված սկզբունքներին, հյուրի համար կազմակերպեց նաև որոշ մշակութային այցեր, հնարավորություն ընձեռելով պրոֆեսոր Ստամատինային անմիջապես ծանոթանալու հայ մշակույթին ու Հայաստանի տեսարժան վայրերին։ Մեր հույն հյուրն Երևանի օպերայի թատրոնում վայելեց Արամ Խաչատրայանի «Սպարտակ» բալետը, ինչպես նաև այցելեց Ծաղկաձոր, Կեչառիս վանական համալիր, Դիլիջան, Սևանավանք, Վարդան Եղիազարյանի բնարվեստի թանգարան և այլն։

Մեր հյուրը հայտնեց իր գոհունակությունը, որ հնարավորություն ունեցավ ակտիվ քննարկելու իրեն հետաքրքող թեմաները՝ կիսվելով իր փորձով ու գիտելիքներով, ինչպես նաև սկիզբ դնելու նոր, առավել արդյունավետ գործընկերային հարաբերությունների։ Նա նշեց, որ վերապատրաստումը ոչ միայն սկիզբ դրեց նոր ծանոթությունների, նոր գիտելիքների և փորձի, այլ նաև հայկական մշակույթի բացահայտման:

Նշենք, որ Աթենքի գյուղատնտեսական համալսարանի հետ ՀԱԱՀ-ն սկսել է համագործակցել անցյալ տարվա դեկտեմբերից, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրել ենք հյուրընկալել և ուղարկել բավականին թվով աշխատակիցների։ Ընդ որում, տվյալ համալսարանի հետ ՄԿԴ-ն ծրագարվորում է իրականացնել այլ բնույթի միջազգային նախագծեր ևս։