Էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը Ագրարային համալսարանում

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն օրերս ընդունել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությանը՝ նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանի գլխավորությամբ։ Քննարկվեցին համալսարանի նորարարական ենթակառույցների արդյունավետ օգտագործման, պետական կառույցների եւ մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացման միջոցով գյուղատնտեսության ոլորտի զարգացման թվային ու տեխնոլոգիական լուծումներ ապահովելուն առնչվող հարցեր։

Հյուրերը շրջեցին համալսարանի՝ վերջին տարիներին ստեղծված նորարարական ենթակառույցներում, եղան Ընդհանուր քիմիայի լաբորատորիաներում, Ջրային եւ հողային ռեսուսրների հետազոտական կենտրոնում, Ագրոդրոնների լաբորատորիայում, Գարեջրագործության  եւ թորման լաբորատորիայում, Հացի, հրոշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում, Ի Վի Էն գինու ակադեմիայի գինու քիմիայի լաբորատորիայում եւ համտեսի սրահում։

Փոխնախարար Գեւորգյանը եւ նախարարության պատկառելի պատվիրակության մյուս անդամները մեծապես տպավորված էին այն ամենով, ինչ տեսան եւ լսեցին Ագրարային համալսարանում։ Նրանք վստահություն հայտնեցին, որ համալսարանի արդիական ենթակառույցները, նոր որակի մասնագիտական կադրեր պատրաստելու համար ստեղծված դասավանդման եւ ուսումնառության նպաստավոր միջավայրը վստահության հիմքեր են ստեղծում ոլորտի ընդհանուր զարգացման առումով։

Ուրվագծվեցին համագործակցության ուղղությունները, շահակիցների եւ շահառուների շրջանակը, առաջիկա առաջնահերթ անելիքները։