Մայիսի 25-ից 30-ը ՀԱԱՀ պատվիրակությունը ռեկտոր Հրաչյա Զաքոյանի գլխավորությամբ գործուղվել էր Չեխիայի Պլզեն եւ Պրահա քաղաքներ՝ Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի «Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում» (VETFarm) նախագծի շրջանակում մոդուլային վերապատրաստում անցնելու եւ նախագծի կառավարման ժողովին մասնակցելու նպատակով։ Պատվիրակության կազմում էին Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դոցենտ, նախագծի համադրող (մենեջեր) Նաիրա Ալոյանը, ծրագրի կատարող-հետազոտողներ՝ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասիստենտ Արմինե Համբարձումյանը, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դասախոս Էթերի Ստեփանյանը, Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի համադրող եւ դրոնների լաբորատորիայի պատասխանատու Սերյոժա Կարապետյանը: Սա ծրագրով նախատեսված կարողությունների զարգացման միջոցառումների հերթական փուլն էր, որն այս անգամ կազմակերպել էր չեխական գործընկեր Wirelessinfo ընկերությունը Արեւմտյան Բոհեմիայի համալսարանում։ Շաբաթը սկսվեց մասնագիտական կարեւոր ուղղվածություններով կազմակերված դասընթացներով․
- Աշխարհատեղեկատվական համակարգեր (GIS) եւ հեռազննում (RS),
- Գործիքներ՝ QGIS-ը, անօդաչու սարքերի կիրառմամբ պատկերների մշակումը, Hub4Everybody եւ Info4Ag,
- Հողի եւ բուսականության քարտեզագրում, հողի եւ բերքի թվային մշտադիտարկում՝ արբանյակային տվյալների կիրառմամբ,
- Եղանակային տվիչների եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով բերքի վնասի քարտեզագրման ցուցադրություններ։
Նախատեսված էր նաեւ ճանաչողական այց Պիլզներ գարեջրի գործարան, որտեղ ներկայացվեցին գարեջրի արտադրության հին եւ նոր տեխնոլոգիաները, ընկերության աճն ու զարգացումը: Բավականին ուսուցողական էր այցելեցությունը Պրահայում տեղակայված Չեխիայի ագրոպարենային հետազոտությունների կենտրոն (CARC), որտեղ ներկայացվեց in vitro լաբորատորիան։ Ագրարայինի պատվիրակությունն այցելեց նաեւ պիստակի այգիներ: Արդյունավետ շաբաթն ավարտվեց նախագծի կառավարման ժողովով, որի ընթացքում ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ նախագծի համադրող Նաիրա Ալոյանը նախագծի մյուս գործընկերների հետ քննարկեցին բազմաթիվ աշխատանքային հարցեր, այդ թվում սույն թվականի օգոստոսի վերջին ՀԱԱՀ այցի հետ կապված մանրամասները: