Երեք նոր ենթակառույց Շիրակի մասնաճյուղում

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը օգոստոսի 4-ին այցելեց ՀԱԱՀ-ի Շիրակի ակադեմիկոս Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մասնաճյուղ՝ ծանոթանալու այնտեղ ընթացող շինարարական աշխատանքներին։

Մասնաճյուղում շուտով կբացվեն երեք նոր ենթակառույցներ՝ կաթի վերամշակման ուսումնական արտադրամաս՝ «Մարդը կարիքի մեջ» չեխական ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ գործակցությամբ, նորարարական հաբ՝ Կանաչ արահետ ՀԿ-ի հետ եւ հողի անալիզի լաբորատորիա՝ ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU GAIA) հետ համատեղ։ Բոլոր երեք նորարարական շինությունների բացումը նախատեսվում է սեպտեմբերին։

Գյումրիի քոլեջի բազայի վրա նաեւ նախատեսվում է այս տարի հիմնել անտառային ծառատեսակների ջերմատնային տնկարան մեր գործընկեր Armenia Tree Project-ի հետ համատեղ։

Միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են կատարվում քոլեջի՝ Ախուրյան համայնքում գտնվող ուսումնափորձարարական բազան հիմնանորոգելու եւ տեխնիկապես հագեցնելու ուղղությամբ։ Բազայի տարածքում պլանավորվում է հիմնել մի շարք ուսումնական լաբորատորիաներ եւ լսարաններ։