Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողներին դուր են գալիս Ագրարայինում իրենց դասերը

Այսօր՝ փետրվարի 19-ին, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի պրոֆեսոր, տեխ․ գիտ․ դոկտոր Պարույր Էֆենդյանը Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի «Քաղաքաշինական կադաստր» մասնագիտության 2-րդ կուրսի իր ուսանողների դասը հերթական անգամ անցկացրեց ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում։

Պրոֆեսոր Էֆենդյանի համոզմամբ, կենտրոնի միջավայրում ուսանողներն ակնհայտորեն ավելի մեծ հետաքրքրությամբ եւ մասնագիտության մեջ խորանալու ավելի մեծ ցանկությամբ են յուրացնում առարկան։ Իսկ մասնագիտության մեջ խորանալու ցանկությունը հնարավորություն կարելի դարձնել՝ Ագրարային համալսարանի Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Հողային եւ ջրային ռեսուրսների ճարտարագիտության մասնագիտության ուսանող դառնալով։

Պատահական չէ, որ պրոֆեսոր Էֆենդյանի՝ Հումանիտար-տեխնիկական քոլեջի անցյալ տարվա շրջանավարտ ուսանողներից վեցն այսօր ՀԱԱՀ-ի հենց այդ մասնագիտության ուսանողներն են։

Պարոն Էֆենդյանը պլանավորել է քոլեջի ուսանողների համար առաջիկայում կազմակերպել նաեւ գործնական դաս, որ կանցկացվի համալսարանի հարակից այգում․ քոլեջականները հնարավորություն կունենան սովորելու գործածել հողաչափական եւ ջրաչափական արդիական սարքավորումները՝ եւս մեկ քայլով մոտենալով մասնագիտական կողմնորոշման կարեւոր որոշմանը։