Դպրոց-բուհ բանուկ կամուրջ․ քոլեջն ու համալսարանը հյուրընկալեցին Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի աշակերտներին

ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Ա․ Քոչինյանի անվան քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Գայանե Սաֆարովան եւ ՀԱԱՀ կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մարիամ Ատալյանն այսօր ընդունեցին Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 հիմնական դպրոցի 8-րդ եւ 9-րդ դասարանների մի խումբ աշակերտների՝ «Մասնագիտական կողմնորոշում» առարկայի իրենց ուսուցուհի Սուսաննա Աստոյանի գլխավորությամբ։ Դպրոցն ավելի քան 160 տարվա պատմություն ունի․ հիմնադիրը Ամենայն Հայոց Մատթևոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսն է եղել, իսկ մեծ լուսավորչի անունն է կրում 1908 թվականից։

Տիկին Մնացականյանը եւ տիկին Սաֆարովան երեխաներին ներկայացրին, համապատասխանաբար՝ համալսարանում եւ քոլեջում առկա մասնագիտությունները, աշխատաշուկայում դրանց հեռանկարները, ուսումնահետազոտական նորարարական ենթակառույցները, որոնցից մի քանիսին դպրոցականները ծանոթացան շրջայցի ժամանակ։ Լեգենդար պատմություն ունեցող դպրոցի ուշիմ աշակերտներն իրենց գեղեցիկ ներկայությամբ զարդարեցին համալսարանի այն կենտրոնները, որտեղ եղան՝ Ուսանողների հաջողության կենտրոն, ագրոդրոնների, քիմիայի, անտառագիտության, ագրոռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի լաբորատորիաներ եւ անասնաբուժական կլինիկա։

Ագրարային մասնագիտությունների մասին ստացած կարեւոր տեղեկությունները նրանք դեռ պետք է «մարսեն», սակայն հստակ է, որ երկկողմանի բարի կամքի եւ նպատակային գործակցության շնորհիվ ստեղծվեց դպրոց-քոլեջ (բուհ) հերթական կամուրջը, որը, հուսով ենք, բանուկ կմնա մինչեւ այս պատանիների՝ մասնագիտական ընտրության բուն շեմին հայտնվելը։ Անշուշտ, մինչ այդ դեռ ջրեր են հոսելու, բայց այսօր Ագրարային եկած թիվ 84-ի երեխաներից շատերը «մատնեցին» իրենց նախասիրություներն ու գուցե նաեւ ապագա մասնագիտական ուղիները՝ անասնաբուժություն, ճշգրիտ գյուղատնտեսություն, անտառագիտություն, գյուղատնտեսության ոլորտի տնտեսագետ․․․

Երեխաների հետ այսօրվա հանդիպումը եւս մեկ բան ակնհայտ դարձրեց՝ դպրոցական ծրագրում «Մասնագիտական կողմնորոշում» առարկայի ներմուծումը հստակ կերպով ծառայում է իր նպատակին, այն է՝ մասնագիտության գիտակցված ընտրության համար հիմքեր ստեղծելը։ Համենայնդեպս, թիվ 84 դպրոցում այս կարեւոր գործը բարձր հիմքերի վրա է՝ դատելով երեխաների պատրաստվածությունից, տարբեր ոլորտներից ունեցած գիտելիքներից, հաղորդակցվելու ունակությունից եւ տված հարցերի որակից։ Նրանք արժանի են քոլեջում եւ համալսարանում սովորելու, քոլեջն ու համալսարանն էլ նրանց են արժանի։