Վերջին շրջանում թեմատիկ-թիրախային այցերը մեզ հուշում են, որ ավագ դպրոցում նորամուծություն՝ նախագծային աշխատանքներ իրականացնելը շատ արդյունավետ եւ նպատակամետ է: Նախապատրաստված, գիտելիքների անհրաժեշտ պաշար-հիմք ունեցող երիտասարդների հետ աշխատել-զրուցելը, անշուշտ, մեծագույն հաճույք է եւ տարբերվում է մյուս ճանաչողականներից: Եւ բնական էր, որ հարցերի պատասխանելիս՝ Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, ագրոտեխնոլոգիաների ԳԿ-ում լաբորատորիայի վարիչ Մանվել Բադալյանը ոգեւորությամբ արձագանքում էր.
-Էնքան լավ հարցեր եք տալիս, ապրե՛ք, հիմա կպատասխանեմ:
Ու պատասխանում էր գիտական հենքով, նորագույն ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելով, բայց մատչելի, հետաքրքիր, առանց փքուն ու անհասկանալի «եզրույթախեղդ» անելու: Պարոն Բադալյանը ՏՏ նորագույն ծարգրակազմերի օգնությամբ նաեւ ներկայացրեց գիտնականների վերջին հետազոտությունների ձեռքբերումները՝ գենային ինժեներիայի ոլորտում:
Արամուսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանցիները բնագիտությունից ինքնուրույն աշխատանք են կատարում առեղծվածային-սարսափազդու-անհասկանալիության շղարշով պատված ԳՄՕ-ների մասին:
-Մինչ այստեղ գալը մի քանի այլ հաստատություններում էլ էինք եղել, բայց ոչ ոք այսպես հիմնավոր ու մատչելի չներկայացրեց խնդիրը,-ասում է ուսուցչուհին՝ Հասմիկ Սերոբյանը: Նախագծային աշխատանքների մասին խոսելիս՝ շեշտենք նաեւ ուսուցիչների մեծագույն դերը: Հենց նրանք լավագույնն են սերմանում սեր-հետաքրքրություն մեր կարեւորագույն ոլորտի նկատմամբ:
Արամուսցիները եղան նաեւ ջերմատանը, որտեղ բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ Հասմիկ Տերտերյանը դարձյալ շատ հասկանալի-սիրով ներկայացրեց նորագույն հնարավորություններով զինված այդ ակութը:
Լավ պատանիներ են, ցանկալի կլիներ, որ մասնագիտության խելամիտ-ողջամիտ ընտրություն կատարեն:




















