Մեր երկրում միջին մասնագիտական կրթական համակարգի ակնառու նորություններից է դուալը, եւ պետք է շեշտենք, որ այդ սկզբունքով իրականացվող կրթական ծրագրերի գերակշիռ մասը կյանքի է կոչվում Ագրարայինում: Ընթացիկը հայտարարված է դուալի ամիս. նպատակն է, որ հանրությունն ավելի իրազեկված, տեղյակ լինի այս շատ կարեւոր ձեռնարկի ընձեռած հնարավորությունների եւ հեռանկարների մասին, հենանշվեն նվաճումներն ու անելիքները:
Երեկ՝ փետրվարի 10-ին, ի մի էին եկել դուալի հավասարակողմ եռանկյունու՝ իսկապես հավասար կողմերը՝ ուսանող-բուհ-գործատու: Հավասարապես պատասխանատու, շահառու երեք կողմ: Եւ յուրաքանչյուրի դիտանկյունից էին քննվում ձեռքբերումները, խնդիրները, շտկման ենթակա մանրուքները: Դիտանկյունները տարբեր էին, բայց նպատակները մեկ՝ հստակ-փոխկապակցված, բոլորն էլ կամենում են, որ մասնագետների սերնդափոխությունը լինի անցնցում, բարձրորակ, ավագ սերնդին արժանի: Իսկ միայն լսարանով, միայն տեսական (շատ կարեւոր-անփոխարինելի) գիտելիքով գյուղոլորտի մասնագետ չես դառնա:
Քննարկմանը մասնակցում էին ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը, Անտոն Քոչինյանի անվան քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը, դուալ կրթական ծրագրեր իրականացնող ամբիոնների վարիչները, դասախոսները, ուսանողները, գործատուներից՝ Արման Օհանյանը («Սմարթ ագրո» ՓԲԸ տնօրեն, Անասնաբույժների ազգային ընկերակցության նախագահ) եւ անհատ ձեռներեց, այգեպտղաբուծության փորձագետ Գեւորգ Հարությունյանը: Բոլորը համակարծիք էին. թեեւ դուալի մեկնարկից կարճ ժամանակ է անցել, բայց առաջընթաց կա եւ շեշտում էին ՄԱՎԵՏԱ ծրագրի նշանակալի դերն ու աջակցությունը: Համակարծիք էին, որ բուհ-գործատու համագործակցությունը ավելի լայնանալու ներուժ ունի եւ քայլերը պետք է համահունչ, մեկմեկու ականջալուր լինեն, փոխկապակցված եւ գոհացնող արդյունքը շատ տեսանելի կլինի:
Պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար եւ նկատեց, որ կրթական գործընթացը անդադար լավարկվող-բարեփոխվող ոլորտ է՝ ուսումնական ծրագրեր, առարկաների բովանդակային կողմ, բուհի ՈՒՓ տնտեսությունների ներգրավվածության ընդլայնում. այս ամենը համալսարանի ղեկավարության, ամբիոնների ամենօրյա ջանքերի կենտրոնում են, եւ նման հետաքրքիր քննարկումները օգնում են, որ բոլոր շահառուների կարծիքները լսելի լինեն, խնդիրները տեսանելի եւ լուծվող:
Քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանն էլ իրատեսորեն համոզված է` մեծ գործ է արվել-արվում, իսկ անելիքներն էլ ավելի շատ են:
Մեր բուհի լավագույն շրջանավարտներից, իր գործի մեծագույն նվիրյալներից Արման Օհանյանն էլ մի քիչ զգացմունքային, բայց դիպուկ հավելեց.
– Եթե ուսանողն ուզում է անասնաբույժ դառնալ, պետք է նրան «գրկած» տանենք…
Այս պատմությունն ամփոփենք հետաքրքիր քննարկումը հմտորեն վարողի՝ քոլեջի փոխտնօրեն Լիլիթ Սարոյանի ջանքերը ընդգծելով: Ակնհայտ էր, որ նախապատրաստական ահռելի աշխատանք էր կատարվել: Ոչ ոք հենց այնպես՝ պարզապես ներկա ստանալու, զրուցելու համար չէր եկել, այլ՝ առաջարկություններով, նոր ճանապարհներ մատնանշելու ու լավագույնին հասնելու միակ մղումով:





































