Սեպտեմբերի 17-ին ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին, որը Հայաստանում է գտնվում մասնավոր այցով։ Նրան ուղեկցում էին ԱՄՆ դեսպանության եւ ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցներ։ Ռեկտոր Ուռուտյանի եւ ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանի հետ միասին դեսպան Օրդվեյին համալսարանի հարկի տակ ջերմորեն ողջունեցին ԱՈՒԿ-ի, Ի-Վ-Էն գինու ակադեմիայի, «Ջերմատնային մշակաբույսերի արտադրություն եւ կառավարում» կրթական ծրագրի ուսանողներ եւ շրջանավարտներ։
Դեսպան Օրդվեյը նշեց, որ Հայաստանում իր առաքելության ընթացքում (2001-2004 թթ․) քաջածանոթ է եղել եւ մոտիկից հետեւել ԱՈՒԿ-ի առաջին քայլերին, ակտիվ գործունեությանն ու կայացմանը որպես արդիական կրթական հաստատության։
ԱՈւԿ-ի եւ ICARE հիմնադրամի պատմության, իրականացվող կրթական ծրագրերի ու հետազոտական նախագծերի վերաբերյալ Արթուր Գրիգորյանի հակիրճ ներկայացումից ու անկաշկանդ հարցուպատասխանից հետո ԱՈՒԿ-ի մագիստրատուրայի շրջանավարտ Ռուզաննա Քարտաշյանը, Գինու ակադեմիայի շրջանավարտ Սամվել Մաչանյանն ու ուսանող Գոհար Ղարիբյանը ներկաներին հաղորդակից դարձրեցին հաջողության իրենց պատմությանը, որին հասել են ստացած բարձրակարգ կրթության շնորհիվ։ Ռուզաննան եւ Սամվելը հայրենական հայտնի բրենդների հեղինակներ են, Սամվելը՝ Ալլուրիա գինիների, Ռուզաննան՝ Դարման թեյերի։ Գոհարը նոր է սկսել իր ճանապարհը ագրոբիզնեսում՝ նոր-նոր շուկա մտած իր Վայն Գոգ գինիներով։
Այնուհետեւ դեսպան Օրդվեյը հաճույքով մասնակցեց նշված եւ համալսարանի «Սերունդ» գինիների համտեսին, շրջեց ԱՈՒԿ-ի հարկաբաժիններում, ռեկտոր Ուռուտյանի հետ զրուցեց համալսարանում իրականացվող բարեփոխումների մասին։
Հին գործընկերներին ու նոր ծանոթներին հրաժեշտ տալուց առաջ դեսպան Օրդվեյը նվերներ ստացավ՝ թեյեր, գինիներ եւ «Հայաստանի խաղողն ու գինին» գիրքը։