Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ը եւ Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ը Ագրարային համալսարանի գիտական գրադարանում նշվեց համատեղ: Ինչպես միշտ, գրադարանը կազմակերպել էր առինքնող, տոնի յուրահատուկ զգացողությամբ, անպայման նաեւ խորհուրդ ու ուղերձ պարունակող միջոցառում, որը կայացավ 2-րդ մասնաշենքի գեղեցիկ ընթերցասրահում:
Երկու տոների խորհուրդը ներկաներին յուրովի մատուցեցին գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանը, ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, դասախոսներ եւ, անշուշտ միջոցառմանը համուհոտ հաղորդող ասմունքի ու երգի երիտասարդ վարպետները, որոնց թվում՝ տիկին Ադամյանի հրավերով համալսարան եկած Արփինե Բաբախանյանը՝ «Մաչանենց տուրիզմ եւ արտ» ձեռնարկության նախագահն իր երգով, ասմունքով, յուրօրինակ նվերով՝ գինի-գրքով եւ հետաքրքիր համագործակցության ուղերձով:
Ռեկտոր Ուռուտյանը գիրք ընթերցելու մշակույթն անվանեց գրքաթերապիա՝ հաղորդակից դարձնելով օրական գոնե նվազագույն չափով գեղարվեստական գրականություն կարդալու միջոցով լարված աշխատանքից հանգստանալ-թեթեւանալու սեփական փորձին: Պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց տիկին Ադամյանին եւ գրադարանի հանրույթին՝ երկարամյա նվիրված աշխատանքի համար:
Ռեկտոր Ուռուտյանը, պրոռեկտոր Ծպնեցյանը եւ մյուսները արժեքավոր մասնագիտական գրականություն նվիրեցին գրադարանին, որոնց կարիքը մեր գրադարանն ունի. չնայած մեծահարուստ գրքային ֆոնդին, կյանքն ու մասնագիտական կրթության ոլորտում զարգացումները մշտապես նոր գիտելիքի ու տեղեկատվության համար «տեղ են բացում»:
Այս առումով, մեր համալսարանի պարագայում, վստահ կարելի է պնդել, որ այստեղ սիրում են ընթերցել: Սա պատահական չէ, քանզի ընթերցանությունը, գիրքը սիրելու եւ գնահատելու տեսակետից համալսարանն ունի երկու հզոր կռվան՝ տիկին Հասմիկ Ադամյանն իր գեղեցիկ ու նվիրյալ թիմով եւ համալսարանում ստեղծված նպաստավոր միջավայրը: Տիկին Ադամյանը, մասնավորապես, իր անխոնջ նվիրվածությամբ երբեք թույլ չի տա, որ դույզն ինչ պակասի ընթերցելու, գեղեցիկին ու գեղարվեստին հաղորդակցվելու՝ երիտասարդների ցանկությունն ու ձգտումը, ընդ որում ոչ միայն համալսարանում, այլեւ համալսարանից դուրս: