Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցները, անտեսելով ամռան տապը, ինտենսիվ ժամանակացույցով շարունակում են գործնական պարապմունքները տարբեր մարզերի առաջավոր տնտեսություններում։ Հուլիսի 16-ին նրանք այցելեցին Արագածոտնի մարզի ArLeAM ընկերության ինտենսիվ այգիներ՝ պալմետային, ցածրաճ պատվաստակալների վրա պատվաստված պտղատու ծառերով եւ կաթիլային ոռոգման համակարգով։ Գործնական պարապմունքներն անցկացվեցին ծիրանենու, խնձորենու եւ տանձենու այգիներում։
Հայաստանում սորտային տիպիկությամբ օժտված մայրուտների բացակայությունը տնկարանի սեփականատերերին հարկադրում է պատվաստացու կտրոններ մթերել տարբեր չգնահատված ծառերից կամ օգտվել այլ մենատնտեսների արտադրական այգիներից։ Գործնական պարապմունքի ընթացքում նախագծի փորձագետ Արամ Ասատրյանը ներկայացրեց, թե ինչ առանձնահատկություններ հաշվի առնելով պետք է կատարել սորտային գնահատումները, որպեսզի արտադրական այգիներում առանձնացվեն սուպերէլիտային ծառեր, որոնք եւ կարող են ծառայել որպես ելանյութ տնկարանային տնտեսություններում սորտային մայրուտներ հիմնելու համար։
Այս առումով այգում կատարվեց ծիրանենու, խնձորենու եւ տանձենու ձեւաբանակենսաբանական եւ պտղասորտագիտական ցուցանիշների մանրակրկիտ գնահատում։
Ծրագրի փորձագետ Գայանե Ավագյանի ղեկավարությամբ մասնակիցներին հնարավորություն տրվեց խնձորենու, ծիրանենու եւ տանձենու այգիներում, ինչպես նաեւ պտուղների թափուկի վրա կատարել բուսասանիտարական իրավիճակի ուսումնասիրություն:
Այս պարապմունքին նախորդել էր մեկ ուրիշը՝ Արարատի մարզի Նարեկ համայնքում՝ Գարեգին Սարգսյանի տնկարանում, որտեղ, բացի տարածված հնդավոր ու կորիզավոր պտղատեսակներից, արտադրվում է նաեւ նռնենու յուրարմատ տնկանյութ։ Տնկարանում մասնակիցներին ներկայացվեցին յուրարմատ տնկանյութի արտադրությանը, թթենու աչքապատվաստի ժամկետի ճիշտ ընտրությանը, խնձորենու կիսագաճաճ, վեգետատիվ եղանակով բազմացող պատվաստակալի մշակությանը, ինչպես նաեւ դեղձենու մայրուտում՝ մայր բույսերի սորտային տարբերիչ առանձնահատկություններին առնչվող տեխնոլոգիական հարցեր։
Տնկարանում եւ մայրուտում կատարվեցին բուսասանիտարական իրավիճակի ուսումնասիրություն, որով բացահայտվեցին մի շարք վնասակար օրգանիզմներ եւ ոչ վարակիչ հիվանդություններ, բացատրվեց հասցվող վնասի բնույթը եւ տնկանյութի հետ փոխանցման հնարավորությունը։
Դասընթացն իրականացնում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միությունից եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցությունից (ԱԶՀ)։