Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել էր տարբեր մարզերում գործող գյուղատնտեսական քոլեջների պատկառելի պատվիրակությանը, այս անգամ՝ դասախոսների։
Քոլեջների մեր գործընկերներին ընդունեց աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը եւ պատմեց կրթական ծրագրերի, ուսումնափորձնական տնտեսությունների, լաբորատոր-հետազոտական կարողությունների, միջազգային համագործակցության, վերջին տարիներին իրականացված բարեփոխումների մասին։ Գործընկերներին հետաքրքրող՝ իրենց ուսանողներին փոխանցելիք կարեւոր տեղեկություններ ակնկալիքով հարցադրումների շրջանակը բավականին լայն էր։
Հյուրերը ժամանակ տրամադրեցին նաեւ Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայի վարիչ, գ․գ․թ․ Լուսինե Երիցյանի դասախոսությունն ունկնդրելու, լաբորատորիայի սարքավորումներին, ինչպես նաեւ նորարարական ջերմատան, Կենսատեխնոլոգիաների Բի-Օն նախատիպային լաբորատոիայի, հրուշակեղենի եւ գարեջրի լաբորատորիաների աշխատանքներին ծանոթանալու համար։ Հետաքրքրվեցին, մասնավորապես, պարբերաբար առաջարկվող վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերով։
Մեր գործընկերներից շատերը նախկինում եղել էին համալսարանում, սակայն մեծ հետաքրքրությամբ ծանոթանացան նորություններին, հետաքրքրվեցին քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտների՝ արտոնյալ պայմաններով Ագրարային համալսարան ընդունվելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի հրամանով ընձեռված աննախադեպ հնարավորությամբ։ Պայմանավորվեցին տարբեր ձեւաչափերով առաջիկա հանդիպումների մասին։