Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի կենսաքիմիայի հոսքի տասներորդ դասարանի մի խումբ աշակերտներ մարտի 26-ին եկել էին Ագրարային համալսարանի Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիա։ Այցելությունը երեխաների գյուղատնտեսական- բնապահպանական նախագծի շրջանակում էր եւ նպատակ էր հետապնդում լաբորատորիայի մասնագետների եւ համապատասխան կենսաքիմիական միջոցների օգնությամբ կատարել դպրոցամերձ հողամասի տարբեր հատվածներից վերցված հողանմուշների, ինչպես նաեւ իրենց պատրաստած կոմպոստների նմուշների անալիզ։ Երեխաներին ուղեկցում էին ուսուցիչներ Կարինե Շամիլյանը եւ Հասմիկ Քոչինյանն ու ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի պատասխանատու Մարիամ Ատալյանը։
Գյուլբենկյանցիներին ընդունեցին լաբորատորիայի վարիչ, գյուղ․ գիտ․ թեկնածու Լուսինե Երիցյանը եւ գ․գ․թ․, դոցենտ Սերյոժա Երիցյանը։ Նրանք ողջունեցին դպրոցականների եւ ուսուցիչների այս ուսանելի եւ օրինակելի նախաձեռնությունը եւ հակիրճ տեսական ներածությունից հետո աշակերտների հետ անցան բուն գործին։
Պարոն Երիցյանը, մասնավորապես, երեխաներին տեղեկություն տվեց հողերի տեսակների, գյուղատնտեսական այս կամ այն հիմնական մշակաբույսերի աճեցման տեսակետից դրանց նպատակահարմարության աստիճանի, պարարտացման կոնկրետ կարիքների մասին։ Այնուհետեւ, վաստակաշատ գիտնականի ցուցումներով երեխաները սովորեցին հողանմուշները բաժինների տրոհել եւ համապատասխան ռեագենտներ կիրառելով որոշել նմուշներում pH-ի, կալիումի, ֆոսֆորի, ազոտի եւ այլ սննդատարրերի պարունակությունը։ Այս ամենը նրանք անում էին մեծ հաճույքով, մեծավարի ու ներշնչանքով՝ արդեն պատկերացնելով այս գարնանը դպրոցամերձ հողամասում իրենց առաջիկա կարեւոր անելիքները՝ տիկին Քոչինյանի եւ տիկին Շամիլյանի հագատար առաջնորդությամբ։
Ակնհայտ է, որ այս դպրոցում մեր երկրի տնտեսության համար գերակա նշանակություն ունեցող քիմիա եւ կենսաբանություն առարկաների ուսուցումը շատ լավ հիմքերի վրա է։ Կա, սակայն, երկրորդ, թերեւս ավելի կարեւոր հանգամանքը․ այս դպրոցում աշակերտներին սովորեցնում են սովորել, ստեղծագործել, ազատ ընտրություն կատարել, արժեք ստեղծել, սխալներից ու դժվարություններից չընկրկել։ Միով բանիվ, դպրոցն արժանիորեն եւ պատվով է կրում Գալուստ Գյուլբենկյանի անունը։