Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ՀԱԱՀ անվանական կրթաթոշակառուների հաստատմանը, որի մասին զեկուցմամբ հանդես եկավ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը։ Գիտխորհրդի հաստատումից հետո ռեկտոր Ուռուտյանը տեղեկացրեց, որ անվանական կրթաթոշակների տրամադրման կարգի փոփոխություններ են սպասվում այն բանից հետո, ինչ կառավարությունը կհաստատի ագրարային մասնագիտությունների ուսանողների համար շատ բարձր կրթաթոշակների սահմանումը, որի վերաբերյալ ՀԱԱՀ ռեկտորի առաջարկն արդեն ընդունվել է։
Օրակարգի 2-րդ հարցի զեկուցողը Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանն էր, թեման՝ այդ ֆակուլտետում ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակը եւ խնդիրները։ Դեկան Սիմոնյանն անդրադարձավ մասնագիտությունների նորացմանն ու թվին՝ հաշվի առնելով առաջիկա տարիների հեռանկարը, ֆակուլտետում (ինչպես եւ ամբողջ համալսարանում) հաջողությամբ իրականացված աշխատանքային կիսամյակին, վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներին, ներառյալ տրակտորիստ-մեքենավարների վկայականներ տրամադրող առաջիկա դասընթացին, խելացի, ճշգրիտ, ուղղահայաց գյուղատնտեսության զարգացման գործում մասնավոր հատվածի ընկերությունների հետ ընդլայնվող համագործակցությանը ՝ շեշտելով նաեւ ռեկտոր Ուռուտյանի անձնական ներդրումը։ Պարոն Սիմոնյանը շատ կարեւոր համարեց Սիսիանի մասնաճյուղում կառուցվող-կայացող խելացի գյուղատնտեսության կենտրոնի դերը տարածաշրջանի երիտասարդության համար։ Տեղեկացրեց, որ նախատեսվում է ստեղծել ուղղահայաց գյուղատնտեսության լաբորատորիա։ «Թվային տեխնոլոգիաներն արդե´ն գյուղատնտեսության ոլորտում են, այլ կերպ չի կարող լինել, եւ այս առումով Ագրարային համալսարանը ստանձնել է լուրջ դերակատարություն ու պատասխանատվություն, որոնք իրականացնում ենք մեր հուսալի գործընկերների հետ համաձայնեցված ու ներդաշնակ աշխատանքով»,- ասաց դեկան Սիմոնյանը։
Ոլորտային համագործակցության ընդլայնման առումով ռեկտոր Ուռուտյանը շեշտեց նաեւ նոր կապերի կարեւորությունը, զուգակցելով դպրոցականների ներգրավման արդյունավետ միջոցառումների հետ, որոնք առարկայորեն ցույց կտան նրանց, որ ագրարային ճարտարագիտական մասնագիտություններ սովորելով իրենք մրցունակ մասնագետներ կդառնան։
Դոցենտի գիտական կոչում շնորհելու վերաբերյալ զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը՝ ներկայացնելով քիմ․ գիտ․ թեկնածու Վերժինե Սարկեզիյանին եւ տնտեսագիտության թեկնածու Գեւորգ Քեշիշյանին։ Փակ գաղտնի քվեարկությամբ երկու թեկնածուներն էլ, առանց դեմ ձայների, ստացան դոցենտի կոչում։
Որպես ընթացիկ հարց, գիտական գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի ներկայացմամբ, հաստատվեցին թեկնածուական թեզերի թեմաներն ու ղեկավարները։