Գիտխորհուրդն արձանագրում է․ ենթակառույցները ծառայում են նպատակին

Մայիսի 17-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Բուն օրակարգին անցնելուց առաջ ռեկտոր Ուռուտյանն իր գոհունակությունն ու աջակցությունն արտահայտեց համալսարանի ուսանողներին՝ վերջիններիս քաղաքական գործողությունների համար հավաքագրելու փորձի՝ Ուսխորհրդի կողմից կվճռական կանխման եւ այդ առթիվ տարածած հայտարարության առիթով։

«Ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակը եւ խնդիրները Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ամբիոններում» թեմայով օրակարգային զեկուցումով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը։ Հաշվետվության մեջ տեղ էին գտել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, մասնագիտությունների եւ ամբիոնների օպտիմալացմանը, գիտական գործունեության մեջ ուսանողների ներգրավվածությանը, նոր ենթակառույցների օգտագործման իրավիճակին, վերապատրաստումներին եւ գործունեության այլ ուղղություններին առնչվող հարցեր, գնահատականներ, մտահոգություններ եւ արձանագրված հաջողություններ, մասնավորապես՝ տեղական եւ արտերկրի գործընկերների հետ համատեղ նախագծերում։ Դեկան Սիմոնյանի առանձնակի մտահոգության թեմաներից մեկը անգլերենով դասավանդելու կարողություն ունեցող դասախոսների խիստ պակասն է՝ միջազգային համագործակցության եւ ագրոտեխնոլոգիական զարգացումների խորապատկերում։ Ռեկտոր Ուռուտյանի արձագանքը եւ հանձնարարությունը վերաբերում էին առաջիկայում ծրագրեր ներկայացնելուն, որոնք կներառեն ոռոգման համակարգերի նախագծում, ջրաչափական ծառայությունների մատուցում, ագրոդրոնների կառավարման դասընթացների կազմակերպում՝ դրանց աճող պահանջարկը բավարարելու համար, նոր ենթակառույցների ստեղծման եւ եղած լաբորատորիաների վերազինման հարցում մասնավոր հատվածի ներգրավում եւ այլն։

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը եւ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը ներկայացրին ուսումնամեթոդական եւ գիտական աշխատանքների կատարման ընթացքը, նյութատեխնիկական ապահովվածությունը և խնդիրները այս երկու ֆակուլտետներում։ Ընդհանուր պատկերն այն էր, որ անուրանալի հաջողությունների կողքին, որ վերջին երեք տարիներին արձանագրվել են երկու ֆակուլտետներում (լավագույն ցուցանիշներից են Քիմիայի ամբիոնի ներգրավումը լուրջ «անդրհամալսարանական» գիտական ծրագրում, ագրոնոմների հրապարակած գիտական հոդվածների եւ ուսումնական ձեռնարկների թվի դինամիկ աճը եւ այլն), առկա է նաեւ որոշ դասախոսների՝ գիտությամբ եւ հրապարակումներով չզբաղվելու մտայնությունը, որն ամենեւին հարիր չէ համալսարանի նորօրյա զարգացումներին։ Դեկանները նշեցին, որ համալսարանում ստեղծված նոր ենթակառույցներն արդեն մեծապես նպաստում են թե ուսումնական եւ թե հետազոտական աշխատանքները հաջողությամբ իրականացնելուն։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը Գիտխորհրդի քննությանը ներկայացրեց երկու դասախոսների դոցենտի գիտական կոչում շնորհելու առաջարկը։ Գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ այդ գիտական կոչումը շնորհեց Բելլա Գրիգորյանին (միաձայն) եւ Արտակ Գաբրիելյանին (47 կողմ եւ 1 դեմ)։

Ուսանողական գիտական ընկերության նախագահ Զարուհի Հովեյանը մանրամասներ ներկացրեց օրեր անց համալսարանում անցկացվելիք Գիտական շաբաթի մասին, որի կարեւորությունը շեշտեց նաեւ ռեկտոր Ուռուտյանը, մասնավորապես՝ ուսանողներին գիտությամբ զբաղվելու հարցում շահագրգռելու առումով։