«Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները՝ որպես որակյալ կրթության հիմք» աշխատաժողովը տեղի ունեցավ հունիսի 6-ին եւ 7-ին, Ագրարային համալսարանում՝ հայաստանյան բուհերի վարչակազմերի եւ միջազգային կապերի պատասխանատուների մասնակցությամբ։ Վերապատրաստումը կազմակերպել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի եւ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական խումբը (ԲԿԲՓ) ներկայացնող Գարեգին Համբարձումյանը (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ)` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակում։ Էրազմուս +-ի եւ փորձագիտական խմբի ծրագրային գործընկերն է նաեւ Եվրոպական համալսարանների ընկերակցությունը։
Ներկաներին ողջունեց միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը՝ գոհունակություն արտահայտելով Էրազմուսի գրասենյակի հետ Ագրարային համալսարանի երկարամյա արդյունավետ համագործակցության համար եւ կարեւոր համարելով աշխատաժողովի դերը բուհական կառավարման որակի բարելավման աշխատանքներում։
Մասնակիցներին ջերմորեն ողջունեց նաեւ Էրազմուս + գրասենյակի տնօրեն Լանա Կառլովան։
Հիմնական զեկուցողը Եվրոպական համալսարանների ընկերակցության կառավարման, ֆինանսավորման եւ հանրային քաղաքականության գծով տնօրեն Թոմաս Էստերմանն էր։ Նա հանդես եկավ մի քանի զեկուցումներով, որոնք վերաբերում էին կառավարման մոդելներին, գործակցային առաջնորդությանն ու կառավարմանը, փոխակերպման ռազմավարության իրագործմանն ու հաղորդակցությանն առնչվող հարցերին։
Թեմաների ներկայացումներն ընդմիջվում էին թիմային արդյունավետ աշխատանքներով, որոնց ընթացքում մասնակիցները վերլուծում էին իրենց բուհերի կառավարման կառուցվածքները, վեր հանում կառավարման ուժեղ եւ թույլ կողմերը, կարողունակությունների իրացման վիճակը եւ նոր մոդելների հնարավոր կիրառումը։ Բուհերի պատասխանատուները քննարկման առարկա դարձրեցին նաեւ ներբուհական կառավարման կառուցվածքային հարցերը, որոշումների ընդունման գործընթացը։
Միջազգային փորձագետի եւ միմյանց հետ երկօրյա արդյունավետ աշխատանքի ավարտին մասնակիցները մշակեցին փոխակերպման հաջողված գործընթացի իրականացման եւ հաղորդակցման ռազմավարություն։