Բլոկչեյն եւ կրիպտոարժույթ. տեղեկացված եւ տեղյակ լինելու հմայքն ու երջանկությունը

Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները երկրորդ կիսամյակից իբրեւ կամընտրային առարկա կարող են ուսումնասիրել «Բլոկչեյն եւ կրիպտոարժույթ» առարկան: Եւ որպեսզի երիտասարդների ընտրությունը հիմնավորված ու լիովին գիտակցված լինի, ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Ամալյա Գալստյանը հանդիպում էր նախաձեռնել «պրոդուկտների կառավարիչ» Անուշ Սահակյանի հետ:

Մեր հյուրը հանդիպման էր եկել ցուցադրական առատ նյութերով զինված-պատրաստված, որոնք, ենթադրվում է, պետք է դյուրին ու մարսելի դարձնեին բավականին խրթին նյութը: Խրթին թեկուզեւ այն պարզ պատճառով, որ միանգամայն նոր, շատերին անհայտ հարցերի մասին էր խոսվելու: Դատելով ներկաների դեմքերից, շատ կենտրոնացած եւ ուշադիր լսում էին բանախոսին, հարցեր էին տալիս, փորձում էին հստակեցնել անհասկանալի դրվագները:

Թե որքանով այս հանդիպումը օգտակար եղավ հատկապես երրորդկուրսեցիների համար, դժվարանում ենք ասել: Նրանք կարծես սրահում չէին: Բայց տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսները հետաքրքրությամբ լսեցին ու, կարծում ենք, օգտակար էր նրանց համար: