Բաց դաս. Ինքնուրույն աշխատանքների պաշտպանությունը տպավորիչ էր, սաների համար՝ անմոռանալի

Քոլեջի անասնաբուժություն մասնագիտության առաջինկուրսեցիները կենսաբանություն առարկայի ինքնուրույն աշխատանքները պաշտպանեցին երկրորդ մասնաշենքի ընթերցասրահում: Դասախոսը՝ կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, ա.գ.թ. Արթուր Հարությունյանը ուսանողներին առաջարկեց ցուցադրական նյութերով ուղեկցվող, հիշվող հանդիսությամբ իրականացնել աշխատանքների ամփոփումը:

Պատանիներից շատերի համար սա առաջին հանրային ելույթն էր՝ մի քիչ անհանգստացնող, մի քիչ տագնապեցնող, բայց հաճելի: Չէ որ հետազոտական ոլորտում առաջին քայլն էին անում, սրահում հրավիրված-ներկա էին անասնաբուժական ֆակուլտետի դասախոսներ, որոնք հաջորդ տարի դասավանդելու են իրենց: Մասնագետները ուշադրությամբ ու սիրով էին լսում պատանիներին, եւ դա շատ կարեւոր է:

Թեմաները բազմազան էին՝ շներ, օձեր, մողեսներ, գորտեր, ծովախոզուկներ, ուղտեր, չղջիկներ, կենգուրու… եւ ինչ սիրով էին պատմում իրենց ընտրած կենդանիների մասին, բնութագրում, մատնանշում առանձնահատկությունները:

Ներկայացվող ամեն թեմայից հետո հարցեր էին տալիս բոլորը՝ ուսանողները, դասախոսները, սակայն նպատակը պատկերն ամբողջացնելն էր, փոքրիկ լրացումները, որից զեկուցողները ամենեւին չէին սրտնեղում: Ավելին, փորձում էին խիստ պրագմատիկ դիտանկյունից քննել: Օրինակ՝ կատաղության, օձի խայթոցի դեպքում առաջին-անհետաձգելի գործողությունները, ախտանշանները, բուժման ընթացքը: Սա ամենաառողջ ճանապարհն է գիտակրթական բնույթի ցանկացած ձեռնարկի:

Կուրսում ուսանողներ կան նաեւ Արցախից, ՌԴ-ից եւ բոլորին միավորել է սերը բնության-կենդանական աշխարհի եւ այդ կարեւոր մասնագիտության նկատմամբ, որ կոչեմք անասնաբուժություն: Ակնհայտ է, որ պատանիները միանգամայն գիտակցաբար են կատարել իրենց ընտրությունը, իսկ սա նշանակում է վաղը հրաշալի մասնագետներ ենք ունենալու: