Բաց դասախոսություն ֆիզիկական անձանց անհատական եկամուտների հայտարարագրման թեմայով

Ֆինանսահաշվային ամբիոնը հանդես եկավ հերթական օգտակար նախաձեռնությամբ․ օրերս, ամբիոնի հրավերով, «Ֆիզիկական անձանց անհատական եկամուտների հայտարարագրում» թեմայով դասախոսություն կարդաց Սեյֆ Ինվեսթ հաշվապահական եւ խորհրդատվական գրասենյակի գլխավոր հաշվապահ Աննա Այվազյանը։

Ամբիոնի դասախոսների եւ ուսանողների խմբի համար թեման անմիջական կարեւորություն ուներ։ Բանախոսը, մանավանդ, «նորընծա» հարկատուների՝ ուսանողների համար, նախ հակիրճ բացատրեց հիմնարար մի քանի հասկացություններ՝ ովքեր են եկամտային հարկ վճարողները, անհատ ձեռներեցները, ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք եւ այլն։ Այնուհետեւ տիկին Այվազյանը մանրամասնորեն ներկայացրեց՝ ով է համարվում հայտարարատու կամ պարզեցված հաշվարկ ներկայացնող անձ, ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը, ստանալ ՀՎՀՀ, լրացնել տարեկան հայտարարագիր կամ պարզեցած հաշվարկ եւ այլն։ Ներկայացվեցին նաեւ եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող (վերադարձվող) սոցիալական ծախսերի գումարների վերաբերյալ մանրամասներ ու օրենսդրական  հիմնավորումները։

Թեման մատուցվեց մատչելի լեզվով, կոնկրետ օրինակներով, իսկ դասախոսների եւ ուսանողների բազմաթիվ հարցերը սպառիչ պատասխաններ ստացան։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման՝ ազգային հնչեղության գաղափարը, որ կարծես դեռ բավարար հանրայնացման չարժանացած՝ օրենսդրական պահանջ է դարձել, գոնե Ֆինանսահաշվային ամբիոնի, ներառյալ ուսանողների համար այլեւս հասկանալի դարձավ՝ արդեն որպես նորօրյա հանրային մշակույթ։ Եվ դա՝ շնորհիվ Սեյֆ Ինվեսթ հաշվապահական եւ խորհրդատվական գրասենյակի, վերջինի գլխավոր հաշվապահ Աննա Այվազյանի ջանքերի եւ այս կազմակերպության ու ՀԱԱՀ Ֆինանսահաշվային ամբիոնի միջեւ սերտ գործակցության։