Բացակայությունների մտահոգիչ հարցը քննարկվեց… մշտապես ներկա ուսանողների հետ

Հայտնի բան է, տեխնոլոգիական ֆակուլտետը մի տեսակ կուռ-համախմբված ընտանիք է հիշեցնում՝ դեկանատ-ամբիոններ-ուսանողներ, բոլորը միասին: Իսկ ընտանիքում երկրորդական հարցեր, մանրուքներ չկան: Եթե կա բացթողում, ուրեմն պետք է գտնել պատճառն ու շտկել իրավիճակը:

Դեկանի պարտականությունները կատարող, տ.գ.դ., դոցենտ Սմբատ Դավեյանը, որ միշտ ծնողի հոգատարությամբ է կատարում աշխատանքը՝ անթաքույց հպարտանում է սաների հաջողություններով, անհանգստանում թերացումներից, նկատել է, որ ԳՏ-5 կուրսում բացակայությունները շատ են: Սեպտեմբերի 17-ին, մեծ դասամիջոցին, փոխդեկան Անահիտ Սարոյանի հետ միասին ուսանողներին հրավիրել էին հանդիպման:

Հավանաբար բարձրկուրսեցիները «հնամարտիկի» անհոգության ու ինքնավստահության տիրույթում են հայտնվել, իսկ համալսարանական կանոնակարգով դա նախատեսված չէ: Ուրեմն՝ պատժելի է. «Գնահատման հարցում մարդկային գործոնը նվազեցված-զրոյացված է, սակայն համակարգչային համապատասխան ծրագրակազմը 50 % բացակայությունների պայմաններում քննությանը մասնակցության արգելք կդնի: Մենք հույս ենք դնում ձեր ողջախոհության վրա՝ մասնագետ դառնալու ճանապարհին սա ձեզ համար որոշիչ կիսամյակ է»:

Բայց ընդամենը ներկա-բացակայի մեխանիկական հարցը չէ. լսարանում, լաբորատորիայում դասախոսներն անընդհատ հմտություններ, գիտելիք են փոխանցում, որոնք անհրաժեշտ են իբրեւ մասնագետ կայացման հարցում. «Գործատուները հաճախ են շեշտում, որ սիրով աշխատանքի կհրավիրեն մեր շրջանավարտներին, միայն թե գիտելիքների բավարար պաշար ունենան»,- հանդիպումն այսպես ամփոփեց դեկանը:

Հետաքրքիր հանդիպում էր, սակայն, ցավոք, լսարանում այն ուսանողներն էին, որոնք չեն բացակայում։ Պարոն Դավեյանը ուսանողներին հորդորեց ուղերձը հասցնել իրենց բացակա ընկերներին։