Բարձր հաշվետվողականություն. բոլոր ստորաբաժանումների աշխատանքն էլ ավելի թափանցիկ կլինի

Այսօր, հունվարի 31-ին՝ վերահանձնումների վերջին օրը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ տեղի ունեցավ ռեկտորատի նիստ. բնականաբար, առաջին հարցով ամփոփվեցին հենց քննաշրջանի արդյունքները: Բոլոր ֆակուլտետների դեկանները, մասնաճյուղերի, քոլեջի տնօրենները հանգամանորեն ներկայացրին պատկերը:

Ագրարայինը հաստատութենական հավատարմագրումից հետո մուտք է գործել առավել պատասխանատու՝ մասնագիտական ծրագրերի հավատարմագրման փուլ: Սա նշանակում է, որ բոլորս միասնաբար անելիքներ ունենք լավագույն արդյունքի հասնելու համար: Չէ որ դա կնշանակի, մասնավորապես, արտերկրում մեր դիպլոմների լիակատար ճանաչում:

Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը ցուցադրական պատկերների ուղեկցությամբ ամփոփեց 2021-ի ռազմավարական գործառնական պլանների կատարումն ու ընթացիկ տարվա անելիքները; Զեկուցումից պարզ դարձավ, որ համալսարանը 2021 թ. հասել է նախանշած բնագծերին գործունեության բոլոր հիմնական ուղղություններում եւ լուրջ ձեռքբերումների հասել:

Անելիքների թվում նշվեցին ՄԿ մրցունակ ծրագրերի մշակումը, որոնցից կբխեն առարկայական նորացված ծրագրերը (ընդսմին ավելի արդիական են դարձել նաեւ առարկայական ցանկերը), փորձուսուցումների արդյունավետության բարձրացում եւ այլն:Հաշվետվողականության եւ թափանցիկության ավելացման նպատակով կսահմանվեն գնահատման առանցքային ցուցիչներ, որոնցով չափելի կդառնան ստորաբաժանումների կատարած աշխատանքները, ավելի տեսանելի կլինեն անելիքները: Ուստի, մինչեւ վաղը՝ փետրվարի 1-ը բոլոր օղակները կներկայացնեն 2022-ի անելիքներն ու այսուհետ հաշվետու կլինեն եռամսյակների ավարտին:

Արտերկրում սովորելու հնարավորությունները շարունակում են մնալ թերօգտագործված, մասնավորապես՝ անգլերենի չիմացության պատճառով: Այս առումով ռեկտոր Վարդան Ուռուտյանն առաջարկեց ավելի ակտիվ գործելակերպ կիրառել, ներառյալ լեզուների ամբիոնի հետ սերտ աշխատանքը:

Աշխատանքային կիսամյակի նարարարական գաղափարի իրականացման ճանապարհին հանդիպող դժվարություններն էլ քննարկվեցին: Ռեկտորի առաջարկ-հանձնարարությունը Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնին եւ Ուսումնական գործընթացի կառավարման վարչությանը վերաբերում էր մեր միջազգային կրթական ծրագրերի՝ ԱՈՒԿ-ի ու Ագրարային մենեջմենթի փորձուսուցումների մոդելների հաշվառմանը աշխատանքային կիսամյակի կազմակերպման ուղեցույցում:

Հետաքրքիր պատկեր ստացվեց ՈԳԱ կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանի՝ 63 դասալսումների վերաբերյալ զեկուցումից: Մասնավորապես, կենտրոնը, առաջին անգամ կիրառելով իր ստեղծած գործիքը, մեթոդական առումով բարձր գնահատականի է արժանացրել դասախոսների 80, իսկ կազմակերպչական առումով՝ 91 տոկոսին: Տիկին Զաքարյանն ասաց, որ գործիքը գնահատում է թե դասախոսին եւ թե դասալսման գործընթացը: Անշուշտ, գործիքը կատարյալ չէ, ինչպես եւ կատարյալ չեն որոշ այլ ցուցանիշներ, օրինակ՝ համակարգիչների եւ համացանցի օգտագործումը դասի ժամանակ: Սակայն ՈԳԱ կենտրոնն իր գործիքակազմով, նպատակային գործունեությամբ եւ ստորաբաժանումների հետ սերտացող համագործակցությամբ, կարեւոր դերակատարություն է ստանձնել ոչ միայն համալսարանի կրթական ծրագրերի որակի բարձրացման, այլեւ գործունեության թափանցիկության ապահովման գործում:

Տիկին Զաքարյանը եւ ռեկտոր Ուռուտյանը խոսեցին նաեւ որոշ դասախոսների պարագայում դասի դիդակտիկ հագեցվածության եւ ուսումնական նյութերի բուն բովանդակության առնչությամբ առկա խնդիրների մասին. հնացած, անօգուտ օրինակներին պետք է վերջ տալ: Փոխարենն ունենք մեծ թվով դասախոսներ, մանավանդ արտադրության ոլորտում գործող մասնագետներ, որոնք իրենց ոլորտի վերջին նորույթներն են բերում լսարան: