Բարի գալուստ Կայուն գյուղատնտեսության հայկական հարթակ. մեկնարկ, շնորհանդես, տեսլական

Ապրիլի 2-3-ը Երեւանում կայացած Կանաչ գյուղատնտեսության խորհրդաժողովի շրջանակում՝ ի թիվս բազում ձեռնարկների, տեղի ունեցավ Կայուն գյուղատնտեսության հայկական հարթակի (https://sapa.am) շնորհանդեսը: Կայքը հիմնադրվել է ԵՄ եւ Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ, շուրջ 2 տարի առաջ, երբ գաղափար էր հասունացել ստեղծելու գիտակրթական, տեղեկատվական եւ գործնական հայալեզու հարթակ, որի օգնությամբ շահառուները՝ ֆերմերները, ուսանողները, հետազոտողները, քաղաքականություն մշակողները կգտնեն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները եւ կանցնեն հարակայուն գործելակերպերի:

Կայքի բովանդակության պատասխանատուն Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, որում ձեւավորված աշխատանքային թիմը ըստ էության ստեղծեց եւ շարունակաբար ապահովում է նշված բովանդակության առկայությունն այս կայքում: Աշխատանքների համակարգող, ՀԱԱՀ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբոնի վարիչ, գ.գ.թ, դոցենտ Մարինե Մարկոսյանը նախ ներկայացրեց խմբի հեղինակած նշանաբանը՝ Ստացիր, օգտագործիր, զարգացրու՝ չվնասելով շրջակա միջավայրը: Այնուհետեւ ընդգծվեց սույն կայքի նպատակը՝  մեկտեղել ոլորտին վերաբերող գիտական հրատարակությունները, հաջողված նախագծերը եւ անդրադարձ կատարել ընթացիկ միջոցառումներին, որպես արդյունք՝ հասնել հասարակության՝ էկոլոգիապես անվտանգ սննդի արտադրության եւ սպառման, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի վրա հիմնված առավել բնականոն եւ ներդաշնակ զարգացման:

Աշխատանքային խումբը փաստորեն խնդիր է դրել կայքում ներառել ոչ միայն իրական շարժապատկերով առաջնորդող եւ իրադարձությունները վավերագրող նյութեր, այլեւ ստեղծել է հարակայուն զարգացման հայեցակարգը բնութագրող տարբերանշաններ, որպեսզի տեղեկությունից զատ կայքը ունենա տեսողական գրավչություն (որն, ի դեպ, ներկաներից շատերի կարծիքով հաջողվել է խմբին):

Ի՞նչ կտեսնենք՝ կայքը թերթելով.

  • «Նախագծի մասին» բաժինը պատկերացում է տալիս նախագծի տեսական հիմնադրույթների վերաբերյալ, ընդգծելով հարակայուն զարգացման ընդհանուր հայեցակարգում հարակայուն գյուղատնտեսությանն անցնելու կարեւորությունը:
  • «Իրադարձություններ» բաժնում անդրադարձ է կատարվում ՀԱԱՀ-ում իրականացվող այն միջոցառումներին, որոնք իրենց բովանդակությամբ կրում են հարակայուն գյուղատնտեսության, ոլորտի՝ հարակայուն գործելակերպերին եւ ագրոէկոլոգիական սկզբունքներին համապատասխան վարման բաղադրիչներ:
  • «Նորություններ» բաժնում կարելի է տեղեկանալ հարակայունությանը վերաբերող՝ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, խորհրդաժողովներին, սեմինարներին եւ դասընթացներին:
  • «Գիտելիքի աղբյուր» բաժնում հիմնականում ներկայացված են Ագրարային համալսարանի «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականում հրատարակված եւ հարակայուն գյուղատնտեսության հայեցակարգին համապատասխան հետազոտություններն ըստ խորագրերի:
  • «Հրատարակություններ» բաժնում հակիրճ ամփոփագրերով ներկայացված է ագրոէկոլոգիական վերափոխումների համատեքստում եւ մի շարք ծրագրերի շրջանակում հրատարակված ընդարձակ գրականություն:

Շնորհանդեսի ժամանակ տիկին Մարկոսյանը մասնավորապես նշեց, որ կայքի «Հաջողված նախագծեր» բաժնում ամփոփված են նորարար, ստեղծարար մոտեցումներով, գիտելիքահեն նախաձեռնությունները:

«Ինչո՞ւ այցելել կայք» հարցի պատասխանը աշխատանքային խումբը ձեւակերպել է տեսանելի օրինակներով՝ եթե Դուք Արագածոտնի մարզի Թթուջուր բնակավայրից եք եւ ուզում եք հիմնել ագրոանտառաբուծական համակարգեր, եթե Դուք Լոռու մարզի Վահագնի բնակավայրից եք  եւ  ուզում եք հիմնել խելացի անասնաշենք, եթե Դուք Արարատի մարզի Վեդի համայնքից եք եւ ուզում եք ունենալ պաշտպանական անտառաշերտ, եթե Դուք Երեւան քաղաքից եք եւ ուզում եք լուծել թափոնների կառավարման հիմնախնդիրը, ապա այցելեք  Կայուն գյուղատնտեսության հայկական պլատֆորմ եւ ընդլայնեք Ձեր գիտելիքները: Եւ վերջապես, եթե Դուք ուսանող եք, սովորում եք հատկապես Կայուն գյուղատնտեսություն եւ Օրգանական գյուղատնտեսություն կրթական ծրագրերով, ապա այս կայքը Ձեր հետաքրքրությունների տիրույթում է:

Հիմնադիրների տեսլականն է ընդլայնել կայքի գործառույթները, ավելացնել բաժիններ քննարկման եւ հետադարձ կապի ապահովման, փորձի փոխանակման համար: Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ աշխատանքային թիմը մտադիր է տեղայնացնել այն, տարածել, կազմակերպել դասընթացներ ֆերմերների համար: Դիտարկվում են նաեւ համագործակցության հնարավորություններ նույնաբովանդակ միջազգային հարթակների հետ:

«Միասին կարող ենք գյուղատնտեսությունը դարձնել ավելի հարակայուն եւ կանաչ» կոչով ավարտվեց շնորհանդեսը, իսկ տեղում առաջարկը չուշացավ. ՄԱԿ-ի ՊԳԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վահան Ամիրխանյանն առաջարկեց կայքերի օգտակար տեղեկատվության փոխանակմամբ «բարեկամանալ»: