Արևմտյան Ատտիկայի համալսարանի պրոֆեսորների այցը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում

Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ն իրականացրեց «հետքովիդյան» իր երրորդ ներգնա շարժունությունը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում։
Այս անգամ մեր հյուրերն էին Արևմտյան Ատտիկայի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ մեքենաշինության ֆակուլտետի պրոֆեսոր Ջորջիոս Չամիլոտորիսը, արդյունաբերական դիզայն և արտադրության ճարտարագիտություն ֆակուլտետի պրոֆեսորներ՝ Միխայիլ Պապոցիդակիսը և Դրասոս Քրիստոսը, ովքեր համալսարան էին ժամանել վերապատրաստման նպատակով։
Այցի առաջին օրը մեր հյուրերը այցելեցին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեցին դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին և աշխատակից Զ․ Պողոսյանին։ Նրանք ներկայացրեցին համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգն ու նորարարությունները, օնլայն հարթակների կիրառումն ու դրանց նշանակությունը հատկապես հեռավար ուսուցման ընթացքում, ինչպես նաև ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության հնարավորություններն ու առկա ծրագրերը։
Հյուրերը այցելեցին նաև ագրոտեխնոլոգիական ինկուբատոր, որտեղ հանդիպեցին ՄԿԿԲ աշխատանքների գծով պրոռեկտոր Մ․ Մովսիսյանին և ինկուբատորի ծրագրի համակարգող Ս․ Հայրապետյանին, ով ներկայացրեց ինկուբատորի աշխատանքը, ինչպես նաև SMARTI Էրազմուս+ ՀԳ2 ծրագիրն իր վերջնարդյունքներով։ Մ․ Մովսիսյանը ներկայացրեց ՀԱԱՀ-ում կատարվող կրթական բարեփոխումները և համալսարանում ստեղծվող նոր ենթակառուցվածքները։
Հյուրերն առիթ ունեցան լինել ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումներում և ծանոթացան տարբեր ենթակառուցվածքների գործունեությանը․ գիտական գրադարան, սննդամթերքի անվտանգության լաբորատորիա, տարբեր ամբիոններ և այլն։
ՄԿԴ-ն կազմակերպեց նաև հանդիպում Ջրային և հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական գիտահետազոտական կենտրոնում, որտեղ մեր հյուրերը հանդիպեցին պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալոյան Նաիրայի և ՀԱԱՀ-ի ներկայիս ասպիրանտ, ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի մասնագետ Արմինե Համբարձումյանի հետ։ ՀԱԱՀ-ի մեր գործընկերները ներկայացրեցին իրենց կողմից իրականացված և ներկայումս իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են ոռոգման ժամանակակից համակարգերի կատարելագործմանն ու ներդրմանը։ Պրոֆեսր Գ․ Եղիազարյանը հյուրերին ծանոթացրեց GeoTak Էրազմուս+ ՀԳ2 ծրագրին, ներկայացնելով ծրագրի հիմնական վերջնարդյունքներն ու կատարված աշխատանքները։
Հանդիպման ժամանակ Ջորջիոս Չամիլոտորիսը և Դրասոս Քրիստոսը ներկայացրեցին Արևմտյան Ատտիկայի համալսարանը, որից հետո ծավալվեց քննարկումներ հյուրերի և ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի միջև ագրարային ճարտարագիտության կրթական և գիտական աշխատանքների իրականացման և դրանց արդիականացման վերաբերյալ։ Քննարկվեցին նեև հետագա համագործակցության ընդլայնման և ամրապնդման բոլոր հնարավոր ուղիները։