Այսօր՝ փետրվարի 4-ին ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած 2021 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Սոլոմոնյանն 1-ինն է ճանաչվել բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» ազգային մրցույթի ճարտարագիտության ոլորտում:
Մրցանակը հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, որը, շնորհավորելով տարբեր ոլորտներում 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակներ ստացած ուսանողներին, նշել է, որ մրցույթում հաղթող ճանաչվելը, հպարտանալու առիթ լինելու հետ մեկտեղ, նաեւ պատասխանատվություն է եւ ձեռք բերածը նորովի վերարժեւորելու ու հաջողությունը շարունակելու կարեւոր նախապայման: «Դուք եք մեր երկրի տերը, այն հզորացնող ուժը, մեր ապագան. կցանկանայի, որ յուրաքանչյուր երիտասարդ ունենար այս գիտակցումը: Ապագայի կերտման ճանապարհին մենք ձեր լավագույն գործընկերն ենք, աջակիցն ու հովանավորը»,- ասել է նախարար Դումանյանը:
Ինչպես փոխանցում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, մրցանակակիր երիտասարդներին նախարարը կոչ է արել ջանք չխնայել նախընտրած ոլորտում կայանալու, նոր ասելիքով հանդես գալու, երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու եւ Հայրենիքի պաշտպանության համար կյանքը չխնայած հերոսների գաղափարներն էլ իրականացնելու համար:
Մրցանակակիրներին ողջունել եւ շնորհավորել են նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Թռչունյանը, կրթության ոլորտի այլ գործիչներ:
Արարողությանը ներկա էր եւ Արմենին ջերմորեն որղջունեց ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը:
Շնորհավորում ենք մեր խելացի ու կենսախինդ Արմենին եւ մաղթում, որ շարունակական հաջողություն ունենա մասնագիտական կարիերայում եւ երկրի տնտեսության զարգացման գործում: