Արհեստական բանականությունը քաջալերել է մեր ուսանողներին․ կայացավ B2B առաջին մրցույթը

Մայիսի 26-ին, ագրիթեք սրահում կայացավ B2B մրցույթը «Սովորիր-նորարարիր-վաճառիր-հաջողիր» ծրագրի շրջանակում։ Ուսանողները շատ նպատակասլաց պատրաստվում էին ապրիլի 23-ից սկսյալ: Այս մեկ ամսում նրանք մասնակցել են վարժանքների, կարեւոր հմտություններ սովորել, որպեսզի կարողանան իրենց նոր՝ աննախադեպ-անկրկնելի մտահղացումը պատշաճ-համոզիչ-գրավիչ ներկայացնել:

Մրցույթի ժյուրիի նախագահն էր ՀԱՊՀ «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահե­տազո­­տական կենտ­րոնի ղեկավար Ռուբեն Աղգաշյանը, անդամները՝ Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Վարդան Ուռուտյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենի տեղակալ Էդիտա Ղազարյանը, «Անտրոհուս» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ավագ Սայանը, ՀԱԱՀ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Հասմիկ Հովհաննիսյանը եւ ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Հրաչյա Գրիգորյանը։

Կարծում ենք, ժյուրիի առջեւ բավականին դժվար խնդիր էր՝ իսկապես արժանավորների վեց խմբից ընտրել երեքին: Թեեւ այս կամ այն կերպ խրախուսվեցին բոլորը, եւ օրինաչափ էր․ մասնավորապես պարոն Ուռուտյանը թիմերից երկուսին հրավիրեց մասնակցելու «Սեւան ստարտափ սամիթ 2025» համաժողովին։ Ուսանողները՝ 2-3-4 հոգանոց թիմերով պետք է կարողանային կարեւոր միտք-նախագիծը ցուցադրական նյութերի, իրականություն դարձրած առաջին փորձանմուշների ուղեկցությամբ համոզիչ, մի քիչ էլ գայթակղիչ ներկայացնել: Չէ որ մտահղացումը իրականություն դարձնելուց հետո, արդյունքն էլ պետք է վաճառել կարողանաս:

Դատելով ընդհանուր պատկերից. պլաստիկե թափոնների պատճառով համընդհանուր աղբակույտի վերածված աշխարհը շուտով կձերբազատվի այդ հոգսից: Երկու թիմ օրգանական հումքով մեկանգամյա օգտագործման սպասք էին պատրաստել՝ մի դեպքում հացահատիկի թեփը խտացնել-մամլելով, մյուս դեպքում՝ գինեգործարաններում առաջացող ահռելի քանակությամբ խաղողի մնացորդներով:

Երիտասարդները խոստանում են, որ օգտագործված սպասքը հողով ծածկելուց երկու ամիս անց միանգամայն տարալուծված կլինի: Իսկ դանակ-պատառաքաղ-գդալների բռնակները՝ լցոնված սերմերով, նոր ծիլեր կտան:

Խմբերից մեկը ջանացել էր աշխատող եւ գնումների-եփել-թափելու համար սուղ ժամանակ ունեցող մարդկանց հոգսը թեթեւացնել: Մյուս երկուսը ՏՏ հարթակներով ագարակատերերին եւ ընտանի կենդանիներ պահողներին անհրաժեշտ տեղեկատվությամբ կաջակցեն (օրինակ՝ կենդանու հիվանդության դեպքում կապել անասնաբույժի հետ): Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կարող է նպաստել նաեւ, որ կանխվեն անտառային հրդեհներն ու ապօրինի հատումները:

Հունիսի 10-ին մեր լավագույն երեք թիմը կմրցի Պոլիտեխնիկի եւ Ճարտարապետականի եռյակների հետ: 2026-ին՝ լավագույն թիմը Նորվեգիայում կմասնակցի համաեւրոպական մրցույթի: Մինչ այդ նրանք նոր բաներ մտածելու, եղածը կատարելագործել-լավարկելու բավականաչափ ժամանակ կունենան:

-Այնուամենայնիվ, համոզվա՞ծ եք, որ ձեր գաղափարը նմանակը չունի,- դարձյալ ճշտում են ժյուրիի անդամները:

– Այո, տեղեկատվական բոլոր հարթակներով ստուգել ենք, նման գաղափար ոչ մեկի գլխում չի ծնվել,- համոզված ասում է ամենաաշխույժ մասնակիցներից մեկը՝ Կատյան։ Վերջում պարզվեց, հենց այս թիմն էլ` Լիլիթ Հարությունյան, Կատյա Մանուկյան եւ Արթուր Ավետիսյան, առաջին մրցանակի արժանացան` գինեգործական հումքի թափոններից էսթետիկ բաժակներ ստեղծելու նախագծով: