2025 թ. մարտի 3-ից 7-ը միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ա.գ.թ., դոցենտ Գարեգին Համբարձումյանը, Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Վարդան Վարդանյանը, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Նաիրա Ալոյանը, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, գ.գ.թ. Նաիրա Գասպարյանը եւ տ․գ․թ․, դոցենտ Նանե Խուդավերդյանը մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում կարողությունների զարգացման VETFarm «Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում» Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում մասնակցեցին վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացի, ինչպես նաեւ կառավարման ժողովի՝ Նիդերլանդների Հենգելո քաղաքում, AgriWatch ընկերությունում: Բացի ագրարային համալսարանի աշխատակիցներից, դասընթացին մասնակցեցին նաեւ այգոգործական Անդեր Սան ընկերության ներկայացուցիչները:
Մարտի 3-ի բանախոսներն էին AgriWatch ընկերության տնօրեն, դոկտոր Ալի Աբկարն ու դոկտոր Նանո Մուլդերը, որոնք նաեւ Տվենտեի համալսարանի պրոֆեսներ են: Դոկտ․ Աբկարը ծանոթացրեց նախատեսված ծրագրին, AgriWatch ընկերության գործունեությանը: Դոկտ․ Մուլդերի զեկույցը նվիրված էր հեռահար զոնդավորման եւ Երկրի ուսումնասիրման տեխնոլոգիաներին, նա էլեկտրամագնիսական ալիքի ընկալումն առավել ակնհայտ դարձնելու համար որոշ գործնական օրինակներ ցուցադրեց:
Այնուհետեւ բոլոր մասնակիցներն այցելեցին Գերմանիայի Դաշնություն՝ Էմսբյուրեն քաղաքում գտնվող Emsflower ընկերություն, որը հսկայական ջերմատուն էր՝ ռոբոտային ավտոմատացված գերժամանակակից համակարգերով: 1950-ականներին սկսելով մի փոքր հողակտորից, այսօր այն վերածվել է հարյուրավոր հեկտարներ ընդգրկող համալիրի, որտեղ բացի ջերմատներից կան նաեւ արտադրամասեր, բուսաբանական այգի, որը բաց է ընտանեկան ժամանցի համար: Սա լավագույն օրինակ է, թե ինչպես կարելի է փոքր նախաձեռնությունը, ընտանեկան փոքր, չորս աշխատակցից բաղկացած բիզնեսը ճշգրիտ քայլերի, հսկայական աշխատանքի շնորհիվ վերածել մեծ բիզնես նախագծի:
Մարտի 4-ին ծրագրի մասնակիցները նախ այցելեցին մեկ այլ՝ արդեն Նիդերլանդների Դեուրնինգեն քաղաքում գտնվող, ծաղիկների աճեցման, սերմերի արտադրման մասնագիտացված այգեգործական կենտրոն: Այնուհետեւ լսեցին Անդեր Սան ընկերության աշխատակից Գաբրիել Մեղրունու զեկույցը ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայրում գտնվող, ծրագրի շրջանակում հիմնված պիստակի այգիների վերաբերյալ: Նա ներկայացրեց հսկայածավալ աշխատանքը, որ իրականացրել էին այդ քարքարոտ, աղակալած, անջրդի հողերը բարելավելու, ոռոգելու եւ այգու վերածելու ուղղությամբ: Քննարկվեցին նաեւ խնդիրներն ու մարտահրավերները, մասնավորապես հեռազննման տեխնոլոգիաների՝ ծրագրի շրջանակում ձեռք բերած անօդաչու սարքերի կիրառումը մոտ երեք հեկտար այգու յուրաքանչյուր սմ-ի արդյունավետ մշտադիտարկման ժամանակ:
Մասնակիցները լսեցին նաեւ համաշխարհային առեւտրի կենտրոնի Տվենտեի մասնաճյուղի բիզնես ծառայությունների համադրող Մարի-ժոսե Նասետեի, ինչպես նաեւ Չեխիայի Wirelessinfo ընկերության ներկայացուցիչ Ֆրանցիժեկ Զադրաժիլի զեկույցները:
Մարտի 5-ին Գարեգին Համբարձումյանն ու Նաիրա Ալոյանը հանգամանորեն ներկայացրեցին արդեն իրականացրած աշխատանքները, մարտահրավերները, նոր 7 մոդուլը: Այնուհետեւ քննարկվեցին անելիքները՝ մայիսին Չեխիայում կայանալիք վերապատրաստման շաբաթ, մոդուլների ծրագրերի եւ ուսումնառության նյութերի վերջնական պատրաստում ու ամփոփում, օգոստոսի վերջին Երեւանում նախատեսված հանդիպման կազմակերպում, հավանաբար հոկտեմբեր ամսին քոլեջի համապատասխան մասնագիտություններում մոդուլների պիլոտային ծրագրերի գործարկում, արդեն կատարված բազմաթիվ հողագիտական անալիզների եւ ուսումնասիրությունների ամփոփում՝ գիտական հոդվածի տեսքով եւ այլն:
Մարտի 6-ին դոկտ․ Նանո Մուլդերը մանրամասն ներկայացրեց հեռազննման տվյալների հավաքման, մեկնաբանման, կանխատեսման, ճշտությունների, թանձրացական ներկայացման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Աշխատանքային վերջին օրը եգիպտացորենի աճեցման ագարակում մասնակիցները փորձարկեցին անօդաչու սարքի կիրառումը տեղեկատվության հավաքման եւ մշտադիտարկման ժամանակ:
Շաբաթն անցավ շատ հագեցած, տպավորություններով լի, եւ որ ամենակարեւորն է՝ արդյունավետ, հետագա անելիքները լիովին հստակեցված-նախանշված: