Ավարտվեց Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի փորձագետների մեկշաբաթյա աշխատանքային այցը Ագրարային համալսարան։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այցի առաջին օրը, նրանց եւ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային ընդունել էր ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
Հաջորդ երկու օրերին Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի փորձագետներ Կլաուդիո Գալմարինին եւ Լեոնարդո Սեբաստիան Տոնիոն գործնական այցելություն ունեցան ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսություն։ Նրանք դաշտային աշխատանքներ ու քննարկումներ ունեցան ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանի հետ՝ տնտեսությունում առանձնացված հողամասում արգենտինյան տեխնոլոգիաներով մշակաբույսերի աճեցման փորձացուցադրական հետագա աշխատանքների վերաբերյալ, որոնց թիրախային շահառուները ուսանողներն ու ֆերմերներն են։ Երրորդ օրվա երկրորդ կեսին արգենտինացի գործընկերներն այցելեցին իրենց հետաքրքրության ոլորտում գտնվող ՀԱԱՀ-ի եւս մեկ ստորաբաժանում՝ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն։
Հինգշաբթի եւ ուրբաթ օրերին պարոն Գալմարինին եւ պարոն Տոնիոն վերապատրաստման-փորձի փոխանակման սեմինարներ անցկացրեցին, որոնք շահագրգիռ ու շատ հետաքրքիր քննարկումների առիթ հանդիսացան երկու կողմերի համար։ Բացի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնից, մասնակցում էին Ագրոնոմիական ֆակուլտետի նաեւ այլ ամբիոնների աշխատակիցներ։ Գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության եւ արտահանման ծավալների, տեխնոլոգիաների ու մոտեցումների ամբողջ տարբերությամբ հանդերձ, լսարանում կատարյալ փոխհասկացողություն եւ հետագա համագործակցության գործնական ու բարեկամական մթնորորտ էր տիրում։ Ճկուն ձեւով արձագանքելով լսարանի «պահանջարկին», հյուրերը հաճույքով քննարկեցին որոշակի մշակաբույսերի աճեցմանը, տեսակային ու սորտային հատկություններին, հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներին ու միջոցառումներին առնչվող հարցեր։
Համավարակի եւ պատերազմի պատճառով հետաձգված այս շաբաթը հագեցած էր եւ երկուստեք օգտակար արգենտինացի գործընկերների եւ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի աշխատակիցների համար, իսկ Ոսկեհատի տնտեսության «արգենտինյան» փորձադաշտը պատրաստ է հանդիպման ու ուսուցման վայր դառնալու ուսանողների, ֆերմերների, հետազոտողների ու այլ շահառուների համար։ Արգենտինյան տեխնոլոգաների ներդրման գործընթացի շարունակության համար հաջորդ քայլերից մեկը մեր մասնագետների առաջիկա այցելությունն է Արգենտինա։
Համագործակցության երկու կողմերն էլ շնորհակալություն են հայտնում Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի գրասենյակին եւ արգենտինահայ մեր հայրենակիցներին, որոնց սիրահոժար աջակցությամբ է հնարավոր դարձել այս ձեռնարկը, որը լավագույնս է պատշաճում Ագրարային համալսարանի բարեփոխումների ընդհանուր տրամաբանությանը։