Հունվարի 8-12-ը Erasmus+ ՀԳ2 «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում» (GeoTAK) եռամյա նախագծի ամփոփիչ շաբաթն էր, այն հագեցած էր արտասահմանյան հյուրերի հետ հանդիպում-քննարկումներով: Եղան նաեւ ճանաչողական շրջայցեր: Թերեւս ճանաչողական ասելն այնքան էլ ճիշտ չէ, քանզի այս տարիների ընթացքում իսկական, փոխշահավետ, մեկմեկու գնահատող, բարեկամական- գործընկերային հարաբերություններ են ստեղծվել ծրագրի մասնակից բոլոր կողմերի միջեւ:
Շվեդիայից, Շվեյցարիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Ղրղզստանից ժամանած մասնագետներին ողջունեցին ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը: Նրանք հակիրճ պատմեցին այն մեծ փոփոխությունների մասին, որոնք կատարվել են մեր բուհում վերջին տարիներին, ապա ցուցադրվեց այդ ամենի մասին պատմող հոլովակ:
Հյուրերը եղան դրոնների, գարեջրի ուսումնական, շոկոլադագործության, կենսատեխնոլոգիական լաբորատորիաներում, գինեդարանում:
Ստեղծված համագործակցությունը անկասկած շարունակություն կունենա, չէ որ ոլորտը կարեւոր է, ընդգրկուն եւ շատ արագ զարգացող: