Այսօր՝ հունիսի 15-ին, ավարտական աշխատանքներն էին պաշտպանում Անտոն Քոչինյանի անվան քոլեջի հողաշինարարություն, հողային կադաստր մասնագիտության ուսանողները: Շուրջ երկու ամիս շարունակվող պաշտպանությունների ֆոնին քոլեջի սաները ակնհայտորեն տարիքային ավելի ցածր խմբի ներկայացուցիչներ էին՝ պատանիներ, թինեյջերներ, ինչպես կամենաք՝ կոչեք:
15 հոգի են, որոնցից շուրջ 6 –ը հավակնում է բակալավրիատի հեռակա համակարգի երկրորդ կուրսի ուսանող դառնալուն: Նրանց տարիների ջանքերը, ՄՈԳ-ը, ավարտական աշխատանքների որակը մանրակրկիտ քննարկելուց հետո, հինգին կտրվեն երաշխավորագրեր:
Մարտոյան Մելինեի պաշտպանությանը երկար սպասեցինք (գովեստներ շատ էինք լսել նախապես), բայց… կարճ տեւեց: Այնքան փայլուն էր, որ ակնթարթ թվաց (երեւի գիտակ մարդուն լսելիս ժամանակն աննկատ է անցնում): Մելինեն խնամքով էր պատրաստել ցուցադրական սահիկները՝ ժամանակակից ՏՏ միջոցները հմտորեն օգտագործելու կարողությամբ: Ցավոք, կային նաեւ շատ թույլ ուսանողներ, որոնց գոյությունը բուհին պատիվ չի բերում պարզապես:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ կադաստրի կոմիտեի առաջին բաժնի պետ, տ.գ.թ., դոցենտ Լարիսա Մանուկյանը, ամփոփելով նիստը նկատեց, թե հաշվի առնելով տարիքը, պատկերը գոհացնող էր, ակնհայտ է, որ ամբիոնի դասախոսները հսկայածավալ աշխատանք են կատարել: Իսկ նույն Կոմիտեի գեոդեզիայի եւ հողաշինարարության վարչության պետ, տ.գ.թ Գեւորգ Մանուկյանը շեշտեց, որ շատերը ներուժ ունեն ու կարող են հասնել գոհացնող մակարդակի-արդյունքի, սակայն, ցավոք նկատելի է, որ թերացել են, բավարար լրջություն չեն ցուցաբերել: «Իսկ որքան ենք ուզում, որ երիտասարդները ավարտեն մասնագիտությունը սիրելով, պատվախնդրորեն նվիրվելու պատրաստ»:
Ուսումնառության մեկ փուլն ավարտված է այս երիտասարդների համար, որոնցից լավագույններին սիրով կսպասենք նոր ուսումնական տարվանից, նոր կարգավիճակով: