Ավարտաճառերի պաշտպանություն. ուսանողի նախագիծը կարող է տնտեսական մեծ օգուտ ապահովել

Մսի տեխնոլոգիայի մասնագիտության չորրորդկուրսեցիները մայիսի 17-ին, պաշտպանեցին ավարտաճառերը: Գիտակների գնահատմամբ փայլուն պաշտպանեցին: Այս լավագույնների շարքում էր նաեւ Հայկ Տիրացվյանը, որը դեռ անցյալ տարի ՈՒԳ շաբաթվա ընթացքում երկու զեկուցում կարդաց եւ հիացրեց ներկաներին: Նրան մտապահեցին բոլորը: Մինչդեռ, պարզվում է, առաջին կուրսում պատանին որոշել էր «գործերը վերցնել» եւ տեղափոխվել բոլորովին այլ բուհ: Դեկանի՝ Սմբատ Դավեյանի հետ երկար զրույցից, քննարկումից հետո միայն հրաժարվեց մտադրությունից, իսկ այսօր անչափ հետաքրքիր, նորարարական առաջարկ արեց: Սա մի պատմություն է այն մասին, թե ինչ հեշտությամբ կարող են պատասխանատուները ճակատագրական՝ լավ կամ վատ, դեր խաղալ երիտասարդների կյանքում: Մեր դեպքում լավն է հաղթել:

Երշիկեղենի արտադրության մեջ այդքան կարեւոր՝ աղիների ու թաղանթների մշակմամբ, մեր երկրում չեն զբաղվում: Գյուղացին այդ ապրանքը պարզապես թափում է, ուրեմն նաեւ՝ տուժում: Իսկ արտադրողները ներկրում են, որն էլ ազդում է մթերքի ինքնարժեքի վրա: Հայկը աղիների, թաղանթների մշակման եւ պահպանման տեխնոլոգիա է մշակել եւ համոզված է՝ գրագետ բիզնես պլանի դեպքում էական շահույթ կբերի երկրի տնտեսությանը: Հենց այս երիտասարդներն էլ պետք է լինեն զարգացման ու առաջընթացի ռահվիրաները:

Դոցենտ Աննա Դաշտոյանը շնորհակալություն հայտնեց սաներին, որոնք կրթական նորացված ծրագրերով ուսանած առաջնեկներ են ու դրական լավ փորձ է ստեղծվել. «Տեսնես կգա նորից այսպիսի օր, երբ հպարտությունս, հուզմունքս եւ ուսանողներիս մասնագիտական աճը այսքաաան ինձ ոգեւորեն, ինչպես տեղի ունեցավ այսօր։ Շնորհավորում եմ, թող ձեր կյանքում բոլոր քննությունները (իսկ դրանք բազմաթիվ են լինելու) ավարտվեն բարձր գնահատականով»։

Հանձնաժողովի նախագահ, տ.գ.թ., «Բեկոն պրոդուկտ» ընկերության արտադրության պատասխանատու Յանա Բալույանցը բարձր գնահատեց դասախոսների եւ ուսանողների համատեղ աշխատանքը եւ համոզմունք հայտնեց, որ երկրի համար կարեւոր գործեր կանեն մեր շրջանավարտները:

Ի դեպ, ամբիոնում ասացին, որ հատկապես Յանա Բալույանցի առաջարկով բոլոր թեմաները «եկել» են արտադրությունից, չեն կրկնվել, հստակ խնդիրներ են դրվել եւ լուծումներ գտնվել: