Ասում են՝ գործ կա. նրանց աշխատանքը սկսվել է երազանքից

Հաստատապես՝ Երեմյան փրոջեքթը ներկայացնելու կարիք չկա: Նախ, որովետեւ ընկերության աշխատակիցները (այդ թվում գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը) պարբերաբար այցելում են Ագրարային ու այդ հանդիպումները լուսաբանվել են միշտ: Երկրորդ, մենք սիրում ենք համեղ սնվել այս՝ տարածաշրջանում ամենամեծ ցանցի սրահներում՝ սկսած խնայողական-արագից մինչեւ բարձրաշխարհիկ ռեստորաններ: Եւ սիրում ենք օտարերկրացի հյուրերին պատվել այստեղ, քանզի մեր երկրի այցեքարտերից մեկն էլ ազգային-ավանդական խոհանոցն է: Շատ կարեւոր է, որ անվերապահորեն վստահում ենք ընկերության թիմին, ազնվությանը, պատասխանատվությանը, մեզ գոհացնում է արտադրված սննդամթերքի որակը, եւ գիտենք, որ հյուրերի առջեւ հաստատապես «սեւերես» չենք մնա: Երբեք:

Հոկտեմբերի 15-ին Ագրարային էին այցելել Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակիցները, որոնք մանրակրկիտ ներկայացրին ցանցի ողջ ներուժը՝ հատիկից մինչեւ պատառաքաղ, դավանած արժեքները, անխախտ պահվող սկզբունքները (հատկապես՝ սանիտարահիգիենիկ խիստ կանոնները): Եւ քանի որ անընդհատ ընդլայնվելու միտում ունեն, ուրեմն պատրաստ են սիրով ներգրավել նոր, երիտասարդ, աշխատասեր, ստեղծագործ մտքով երիտասարդների. «Դուք մեզ հետաքրքիր եք եւ՛ որպես հաճախորդ, եւ՛ որպես թիմի ապագա անդամներ: Թափուր տեղեր ունենք, որովհետեւ արագ ու վստահորեն ենք աճում»:

Երեմյանցիները ուսանողների հետ աշխատեցին ուղիղ, անկաշկանդ եւ հավանաբար փոխադարձաբար հետաքրքիր էր:

Գուցե մեր ուսանողներից ոմանք հենց այստեղ գտնեն իրենց երազանքների աշխատանքը…