Հունիսի 24-ին հյուրընկալել էինք ՕՄՆԻ Լոջիսթիքս ՍՊԸ ներկայացուցիչներին: Ընկերությունը փոստային, բեռնափոխադրումների ծառայություններ է իրականացնում մեր երկրում եւ սահմաններից դուրս: Գործառնական գրասենյակների ցանցը մայրաքաղաքում եւ մարզերում ընդլայնվելու միտում ունի, որն էլ նշանակում է, որ խելացի, բանիմաց, գործունյա երիտասարդ կադրերի կարիք ունեն:
– Ես ԱՈՒԿ-ում ծրագրի մասնակից եմ եղել, ութ ամիս շատ արդյունավետ համագործակցել ենք ICARE հիմնադրամի հետ, ուստի, դրական փորձը հաշվի առնելով, նպատակահարմար գտանք այսօր հանդիպել Ագրարայինի ուսանողների հետ: Մեզ լոգիստիկայի մասնագետներ են պետք, որոնք լավ գիտեն ոլորտին առնչվող օրենքներն ու օրինաչափությունները: Նաեւ առաքիչներ, բեռնաթափողներ, փաթեթավորողներ, որոնք կկարողանան բարյացակամ ու քաղաքակիրթ սպասարկում իրականացնել,- ասում է ՕՄՆԻ Լոջիսթիքսի ֆինանսական տնօրեն Դավիթ Իսկանդարյանը:
Մեր հյուրերը հավաստիացնում էին, որ աշխատանքային փորձուսուցման կիսամյակը գործնական հմտություններ ձեռք բերելու լայն հնարավորություններ կընձեռի: Այժմ նախապատրաստվում է հուշագիր, որը շատ շուտով կվավերացվի:
Ուսանողները՝ ե՜ւ բակալավրիատի տրանսպորտային փոխադրումների ավարտական կուրսի ուսանողները, ե՜ւ քոլեջի սաները, հետաքրքրված հարցեր էին ուղղում հյուրերին.
– Լավ հարց ես տալիս,- փաստում էր Դավիթ Իսկանդարյանն ու սպառիչ պատասխանում:
Առջեւում աշխատանքային ամառն է, եւ չի բացառվում, որ մեր սաներից մի քանիսը հենց այս ոլորտում կայանալու բացառիկ հնարավորություն ունենան: