Աշխատանքի անվտանգությունը առաջնային է դառնում. չափումներ ՀԱԱՀ-ի ջերմատանը

Հուլիսի 7-ին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները համալսարանի ջերմատանն էին:

Կենսագործունեության անվտանգության ամբիոնի այս նախաձեռնությունը հետապնդում էր կոնկրետ եւ հեռահար նպատակներ: Նախ, ՏԱԱԻ-ի տեխնիկական անվտանգության փորձարարական լաբորատորիայի ղեկավար Դավիթ Աղեկյանը տեսչական մարմնի եւ Գործատուների միության գործընկերներին ցուցադրեց, թե ինչպես պետք է աշխատեցնել արդիական մի շարք սարքավորումներ, այդ թվում՝ մեր համալսարանի ունեցածները, ջերմատան պայմաններում: Աղմկաչափ, լուսաչափ, խոնավաչափ-ջերմաչափ, հողմաչափ եւ գազավերլուծիչ սարքերի ցուցադրական աշխատանքը գործնական եւս մեկ նպատակ ուներ՝ արձանագրել, թե որքանով են համալսարանի նորարարական ջերմատանը ստեղծված միկրոկլիմայական պայմանները համապտասխանում սահմանված նորմերին: Աղմուկի, օդի շարժման արագության, ջերմատան լուսավորվածության, ջերմատան ներսում գազերի, գոլորշու, խոնավության մակարդակի, օդի աղտոտվածության, վիբրացիայի եւ հողանցման հետազոտումը ցույց տվեց, որ ամեն ինչ «չափի մեջ է»:

Գործատուների միության եւ ԱԱՏՄ ներկայացուցիչները գոհունակություն հայտնեցին հանդիպումից եւ կարեւոր համարեցին աշխատանքի անվտանգության բարելավման հարաճուն անհրաժեշտությունը, այս ոլորտում չորս կառույցների համագործակցությունը եւ կադրերի պատրաստման ու վերապատրաստման գործում Ագրարային համալսարանի անուրանալի դերը: Միության ներկայացուցիչը նշեց, որ այս փորձը արժանի է գործնական կիրառման առհասարակ գործատուների շրջանում եւ խոստացավ տարածել այն: Տեսչական մարմնի ներկայացուցիչն էլ, կարեւոր համարելով նման փորձարարական հանդիպումները, անհրաժեշտ համարեց այն տարածել գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտում, մասնավորապես, ջերմատնային տնտեսություններում: Նրանք շնորհակալություն հայտնեցին Կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ Հովհաննես Հակոբյանին եւ ամբիոն աշխատակիցներին՝ հերթական նպատակային նախաձեռնության եւ «բնական» գործընկերներին մեկտեղելու համար:

Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հակոբյանը եւ ամբիոնի դասախոս Լիանա Խաչատրյանն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին պատշաճ արձագանքի ու համագործակցության համար եւ նշեցին, որ Ագրարային համալսարանը պատրաստ է ծանրակշիռ մասնակցություն ունենալ փորձարկումների միջոցով ոլորտի առաջնային խնդիրների վերհանման եւ դրանց համատեղ լուծում տալու գործում: Մերոնք, մասնավորապես, այս նախաձեռնությունը լավ օրինակ են համարում հետագա գործակցության, այդ թվում՝ վերապատրաստումներ, փորձի փոխանակում, փորձուսուցումներ եւ ծառայություններ իրականացնելու գործում: