Աշխատանքային կիսամյակը՝ նաեւ «Չանախ» ընկերությունում. կնքվեց հերթական հուշագիրը

Սեպտեմբերի 16-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցային հուշագիր ստորագրեց կաթնամթերքի արտադրության առաջատար ընկերություններից մեկի՝ «Չանախ» ՍՊԸ տնօրեն Արտակ Բունիաթյանի հետ: Համալսարանի եւ ընկերության միջեւ գործակցության՝ հուշագրով նախատեսված ընդհանուր ծավալում առանձնանում է ուսանողների փորձուսուցումը:

Փոխադարձ հետաքրքրություն եւ հեռանկարային  գործակցություն խոստացող այս հնարավորության համար պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց պարոն Բունիաթյանին՝ իր լավ բարեկամին եւ ոլորտի առաջընթացի ջատագով գաղափարակցին, ինչպես նաեւ բարձր գնահատեց մեր մասնագետների, մասնավորապես Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Մարինա Կարախանյանի եւ նրա թիմի նախապատրաստական աշխատանքը:

Հուշագրով նախատեսվում է իրականացնել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնական, փորձագիտական, գիտահետազոտական ծրագրեր: Գործակցության առանցքային ուղղությունն, այնուամենայնիվ, ուսանողների ուսումնաարտադրական փորձուսուցումների անցկացումն է ընկերությունում, որի վերաբերյալ գործնական քննարկում եղավ հուշագրի ստորագրումից առաջ:

«Չանախը» հայրենական արտադրողների այն ընդլայնվող ցանկում է, որոնք պատրաստակամ են հյուրընկալել Ագրարային համալսարանի ուսանողների վճարովի փորձուսուցումը՝ աշխատանքային ամբողջ կիսամյակի ընթացքում: Ավելին, ինչպես նշեց պարոն Բունիաթյանը, ընկերությունը պատրաստ է ուսանողներին վճարել ըստ իրենց ներդրման: «Չանախի» տնօրենն ուսանողներից ոչ միայն ակնկալում է ակտիվ մասնակցություն, այլեւ նրանց ազատ, ստեղծագործ մասնագիտական աշխատանքի հնարավորություն է տալիս: «Աշխարհն այսօր կաթնամթերքի հարուստ տեսականի է արտադրում, եւ այդ ամենը մեզ էլ կարող է հասանելի լինել: Հուշագիրը, որ մենք կնքում ենք՝ լոկ օգտակար մտադրությունների հանրագումար չէ, այլ կոնկրետ ջանադիր մասնագիտական աշխատանքի եւ, որ շատ կարեւոր է՝ ձեր ուսանողներից կոնկրետ ակնկալիքների առհավատչյան՝ նորություններին արագ արձագանքելու, նոր գաղափարներ իրագործելու առումով»,- ասաց պարոն Բունիաթյանը:

Ընկերության ղեկավարը, ռեկտորը եւ հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցող՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը, ամբիոնի վարիչ Մարինա Կարախանյանը, ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը միակարծիք եւ հաստատակամ են այն հարցում, որ «Չանախ» ընկերությունում ուսանողի համար ստեղծվող պայմանները թելադրում են նաեւ ուսանողների՝ մասնագիտական պատշաճ պատրաստվածություն եւ ընդհանուր գործի հանդեպ բարձր պատասխանատվություն: