Անտառաստեղծ փորձուսուցում․ անտառագետներն ու ագրոէկոլոգները նոր հեկտարներ ու սրտեր են նվաճում

Աշխատանքային կիսամյակներն ավարտելուց հետո ուսանողների հաշվետվությունների այս «սեզոնի» ընթացքում հաջողության բազմաթիվ պատմությունների, մասնագիտական առումով շատ դրական փոխակերպումների ականատես ենք լինում։ Անշուշտ, ամեն անգամ կոնկրետ պատմություններ ունկնդրելիս կամ մասնագիտական կարիերան դեռ ուսանողական նստարանից, այդպիսի ոգեւորությամբ, աչքերի այդպիսի փայլով սկսելու գործընթացը չի կարող չգոհացնել համալսարանին եւ գործատուին։ Նորարարական ձեւաչափով փորձուսուցման գործելակերպը նաեւ հայաստանյան գործընկեր համալսարանների ուշադրության ծիրում է հայտնվել։
Անտառագության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողների հաշվետվությունների պարագայում, որ երկու օր տեւեց, մասնահատուկը նվաճվող հեկտարներն ու ․․․ աշխատավարձերն են։ Ոգեւորիչ է իմանալ, որ մեր ուսանողները տասնյակ հեկտար անտառ են ցանել, տնկել, խնամել եւ որ բոլորը կամ աշխատավարձ են ստացել փորձուսուցման ժամանակ կամ առնվազն ապահովված են եղել փոխադրամիջոցներով ու օրապահիկով։ Իսկ վեցը ստացել են փորձնակների համար ռեկորդային՝ 150 հազար դրամ աշխատավարձ։
Աշխատավարձից ավելի կարեւոր հանգամանք են փորձուսուցման վայրում աշխատանքի առաջարկները, որի մասին հանձնաժողովի «մշտական» հարցին ուսանողները մեկը մյուսի հետեւից դրական պատասխան էին տալիս։ Գործատուները դիմում են Ագրոնոմիականի դեկանին, ամբիոնների վարիչներին, ուսանողների դիպլոմային աշխատանքների ղեկավարներին՝ բոլորին, որոնց հետ կապ ունեն՝ խնդրելով, որ ամբիոնի ուսանող փորձնակներին անպայման գործուղեն իրենց փորձուսուցման վայր՝ «դիպլոմը ստանալուն պես»։
Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Հասմիկ Խուրշուդյանը, որ մեր երկրում անտառբարելավման մի շարք ծրագրեր է իրականացրել որպես փորձագետ եւ ոլորտի առաջատար գիտնական-պրակտիկ, ակնհայտորեն գոհ էր սաների կատարած աշխատանքից՝ մասնագիտական աշխատանքի հանդեպ իր ամբողջ պրոֆեսիանալ խստապահանջությամբ հանդերձ։ Տիկին Խուրշուդյանին հետաքրքրում էր, մասնավորապես, թե իր ուսանողը քանի հեկտար անտառի հիմք է դրել, օրինակ Թթուջուր համայնքում, որ հողերի վրա, ինչ ծառատեսակներով, ինչ սկզբունքով ու սխեմայով, ինչ հեռանկարով․․․
Թե ցերեկային եւ թե հեռակա ուսուցման ուսանողների այսօրվա ու վաղվա «կարգավիճակը» հստակ է․ ունեն սիրելի մասնագիտական աշխատանք կամ առնվազն լավ առաջարկ իրենց ընտրած, այժմ արդեն վերջնականապես իրենցը դարձած մասնագիտության ասպարեզում։ Այդ աշխատատեղերի մեջ զգալի թիվ են կազմում տարբեր մարզերում գործող անտառտնտեսությունները, որտեղ մերոնք գնում են նոր հեկտարներ նվաճելու՝ կանաչ ու բարգավաճ երկիր կառուցելու վճռականությամբ ու կարողականությամբ։