Հայաստանի անտառային դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները ՀԱԱՀ ԱգրիԹեք ինկուբատորի լսարանում օրերս հավաքվել էին քննարկելու ՀՀ անտառային քաղաքականության, ռազմավարության եւ գործողությունների ազգային ծրագրի նախագիծը։ Քննարկումը վարում էր ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
Հանդիպմանը հրավիրված էր Շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը, որի շահագրգիռ մասնակցությունն ու մասնագիտական մոտեցումները բարձր գնահատեցին քննարկման մասնակիցները։
Քննարկման առարկա դարձած հիմնական թեմաները վերաբերում էին անտառային ռազմավարության ուղղություններին՝ անտառավերականգնում, անտառապատում, ագրոանտառաբուծություն եւ անտառային տնկադաշտեր։ Վեր հանվեցին եւ մանրակրկիտ մասնագիտական գնահատականի արժանացան, մասնավորապես, ոլորտի այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ագրոանտառաբուծության զարգացումը, անտառային տնկադաշտերի հիմնադրման փորձնական ծրագրերի մշակումն ու իրականացումը։
Ընդգծվեց անտառների կարգավիճակի, գործառույթի եւ սեփականության ձեւի՝ օրենքով սահմանելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես կարեւոր համարվեցին համայնքների հետ աշխատելու, անտառների կառավարման մոտեցումները եւ նրբությունները՝ հաշվի առնելով, որ մի քանի տարի հետո նորատունկ անտառները հանձնվելու են համայնքների կառավարմանը։
ՀԱԱՀ մասնագետները խոսեցին 10 տարում 50 հազար հեկտար անտառտնկման ծրագրի ընթացքի, ոլորտում ներդրումների ներգրավման ուղիների, մասնավոր անտառների ստեղծման եւ շահագործման հեռանկարների, վնասատուների դեմ պայքարի, հակահրդեհային միջոցառումների, անտառների մշտադիտարկման եւ հարակից այլ հարցերի մասին։ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս Արթուր Ալավերդյանը, մասնավորապես, կարեւոր առաջարկներ արեց համալիր անտառկառավարման վերաբերյալ։
Անտառային դաշինքը առաջիկայում շարունակելու է համագործակցել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ իրատեսական, հիմնավորված եւ գործուն ազգային ռազմավարության եւ ծրագիր ստեղծելու ուղղությամբ։
2022 թ․ նոյեմբերին ստեղծված Անտառային դաշինքին անդամակցում են անտառների հիմնման եւ անտառվերականգնման ոլորտում ակտիվորեն գործող չորս հասարակական կազմակերպություններ՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական ՀԿ-ն, «Շեն» բարեգործական ՀԿ-ն եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ինչպես նաեւ Ագրարային համալսարանը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ որպես ոլորտը ներկայացնող գիտահետազոտական կառույցներ։