«Այբ» դպրոցի տասներորդցիները մեծապես տպավորեցին Ագրարային համալսարան իրենց այցելության ժամանակ

Օրերս ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանն ընդունել էր «Այբ» դպրոցի մի խումբ տասներորդցիների՝ մանկավարժների գլխավորությամբ։ Այցի նպատակը Ագրարային համալսարանի նորարարական ենթակառույցներից եւ իրականացվող գիտական ու հետազոտական ծրագրերից մի քանիսին ծաոթանալն էր։ Տիկին Մնացականյան ուղեկցությամբ աշակերտները եղան Գարեջրագործության, Հացի եւ հրուշակեղենի, ագրոդրոնների եւ կենսատեխնոլոգիաների Բի-օն լաբորատորիաներում, ջերմատանը։ Տպավորություն էր, որ պատանիներին հետաքրքրում է ամեն ինչ՝ անկախ մասնագիտական ուղղվածությունից։ Սակայն հարցը միայն հետաքրքրվածությունը չէ, այլ նաեւ նրանց տեղեկացվածությունը, տարբեր ոլորտների մասին տարիքին ոչ բնորոշ ընդգրկուն գիտելիքները։ Առանձնահատուկ հանդիպում էր սպասվում Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ Սննդամթերքի անվտանգության եւ կենսատեխնոլոգիաների, ինչպես նաեւ Բուսական եւ Կենդանական ծագման հումքի եւ մթերքի վերամշակման տեխնոլոգիայի բաժիններում։ Այստեղ նրանց ջերմորեն դիմավորեց եւ իրականացվող գիտական հետազոտություններին ծանոթացրեց կենս․ գիտ․ դոկտոր, պրոֆ․ Աստղիկ Փեփոյանը եւ բաժինների երիտասարդ գիտնականները։ Հանդիպումը «Այբ» դպրոցի աշակերտների հետ տպավորիչ էր Ագրարայինի գիտնականների համար։ Առարկայորեն համոզվեցինք, որ այս պատանիներն ու պարմանուհիները «Այբ»-ի «Իմա՛ եւ արա՛» («Հասկացիր եւ ստեղծիր») նշանաբանի արժանի կրողներն են։