Ամեն ուսանող ունի իր «դուալ» ուղին․ Նարե Կիվրանյանի ուղին սկսվել է ԱմիրյանՎետ կլինիկայում

Նարե Կիվրանյանը ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում է սովորում եւ ներկայում ուսումնաարտադրական փորձուսուցում է անցնում ԱմիրյանՎետ կլինիկայում։ Փորձուսուցումն ավարտվելու է դեկտեմբերի վերջին, սակայն Նարեն շարունակելու է աշխատել Հայաստանի առաջին մասնավոր կենդանաբուժական կլինիկայում (հիմնադրվել է 1994 թ․)․ այստեղ նրան աշխատանք են առաջարկել։

«Ուզում եմ, որ Դուք էլ, ինչպես եւ մենք, ձեր ուսանող եւ մեր փորձնակ Նարեի օրինակով, մեզ մոտ նրա կատարած աշխատանքով, ուրախանաք՝ թե ինչ որակյալ կադրեր է պատրաստում Ձեր քոլեջը։ Մեծ ջանասիրությամբ եւ պատասխանատվությամբ է մասնակցում վիրահատություններին եւ մնացած բուժագործողություններին։ Փորձուսուցման համար նախատեսված ժամերից շատ ավելի երկար է մնում եւ կլինիկայի աշխատակիցներից շարունակում է սովորել մասնագիտական հազարումի նրբություն։ Միանշանակ է, որ փորձուսուցումից հետո նրան աշխատանքի ենք վերցնելու։ Հալալ է ձեր քոլեջին, որ նման ուսանողներ ունի», – քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանին այսպիսի ուղերձ է հղել ԱմիրյանՎետ կլինիկայի բժիշկ Սերգեյ Գաբիելյանը՝ հավելելով, որ գոհ է նաեւ քոլեջի մյուս ուսանողներից, որ այս պահին փորձուսուցում են անցնում իրենց մոտ։

Նարեն իր հերթին ջերմորեն է խոսում կլինիկայի անձնակազմի եւ այնտեղ իր փորձուսուցման հաջող ընթացքի մասին։ «Այն ամենը, ինչ տեսա ԱմիրյանՎետում՝ գերազանցեց իմ ամանալավատեսական ակնկալիքները թե անձնակազմի մասնագիտական բարձր վարպետության, թե նորագույն տեխնոլոգիաների ու մեթոդների եւ թե մարդկային ջերմ ու ընտանեկան միջավայրի առումով։ Այլ կլինիկաներում պարզապես բուժում են մեր չորքոթանի բարեկամներին, իսկ այստեղ խոսում են կենդանու հետ, մեզ էլ բացատրում են, որ բուժագործողությունների եւ խնամքի ժամանակ կենդանին պետք է լսի մեր ձայնը, ընդ որում կենդանիները, ինչպես եւ մարդիկ, տարբեր են լինում՝ թե տեսակի եւ թե անհատ կենդանու մակարդակով եւ յուրաքանչյուրի նկատմամբ մոտեցումը պետք է առանձնահատուկ լինի», – ասում է Նարեն։

Դուալ ուսուցման առավելություններն ակնհայտ են՝ այն փոխում է ուսանողին․ այս մասին բազմաթիվ ուսանողների օրինակով ենք համոզվել։ Սակայն յուրաքանչյուր ուսանող իր սեփական «դուալ» ուղին ունի, եւ արդյունքը կատարյալ է լինում, երբ մասնագիտության հարցում արդեն կողմնորոշված երիտասարդը հայտնվում է այնպիսի առաջադեմ գործատուի մոտ, ինչպիսին ԱմիրյանՎետն է։ Նարեի դեպքում սովորելու բուռն ցանկությունն ու աշխատասիրությունը հանդիպել են երիտասարդ աշխատակազմի ջերմ ու պրոֆեսիոնալ վերաբերմունքին։ Առաջին իսկ օրվանից նա տեսել եւ զգացել է նրանց վստահությունը միմյանց եւ փորձնակների հանդեպ։ «Ես սիրում եմ սովորել, բայց երբ տեղեկույթը, գիտելիքը լավ չի տրվում, առավելեւս՝ երբ դա արվում է անբարյացակամ ձեւով կամ բղավելով՝ ես, լինելով հուզական մարդ, «փակվում եմ» այդ գիտելիքի առջեւ, վանում եմ այն։ ԱմիրյանՎետ կլինիկայում ոչ միայն գիտակ են ու պատրաստակամ քեզ փոխանցելու իրենց իմացածը, այլեւ այդ ամենն անում են բարյացակամորեն, բաց մտքով ու սրտով, ջերմությամբ։ Ինչպես կարելի է չարդարացնել այսպիսի վերաբերմունքը, այսպիսի մեծ վստահությունը», – ասում է ստեղծագործ մտքի ու առինքնող անհատականության տեր աղջնակը, որին փորձուսուցման ժամանակի ավարտից՝ ժ․ 16-ից ժամեր անց է միայն հաջողվում «հանել» կլինիկայից։